Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 102 նոր դեպք: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ապաքինվածները մոտ 2 անգամ քիչ են վարակվածներից` 50 մարդ է հիվանդանոցից տուն գնացել:
Մահացել է ևս 2 մարդ: Այսպիսով, մարտի 1-ից` վարակի բռնկման պահից ի վեր, Հայաստանում վիրուսը 42 մարդու կյանք է խլել: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ մահացած տղամարդիկ խրոնիկական հիվանդություններ են ունեցել:
Մինչև օրս այլ հանգամանքներից մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ: Նրանց մահն, ըստ Առողջապահության նախարարության, վրա է հասել ոչ թե կորոնավիրուսից, այլ ուղեկցող հիվանդություններից.- «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնեմ, որ պացիենտները եղել են 78 և 66 տարեկան, երկուսն էլ` տղամարդ, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Ինչպես նաև նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Նիկողոսյանի փոխանցմամբ՝ նախօրեին թեստավորվել է 1088 մարդ, ընդհանուր առմամբ Հայաստանում ավելի քան 28 հազար թեստ է արվել։ Մարտի 1-ից սկսած, երբ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, արդեն վարակվել է 2 հազար 884 մարդ։ Նրանցից 1185-ն առողջացել են, իսկ այս պահին բուժվում է 1684 հիվանդ։
Հետևե՛լ ԱՆ-ի խորհուրդներին
Այս օրերին միայն կորոնավիրուսով հիվանդներ ընդունող Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը խորհուրդ է տալիս հետևել բացառապես Առողջապահության նախարարության տվյալներին և ցուցումներին՝ կոչ անելով պահպանել անվտանգության կանոնները։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո այս հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է։ Կենտրոնում այս պահին բուժվում է 141 մարդ, որոնցից 10-ը ծանր, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են.- «Միայն մեր հիվանդանոցի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում 114 թոքաբորբով հիվանդ ունենք 141 հիվանդից, իսկ դա բավականին լուրջ ցուցանիշ է հիվանդության ծանրության և բարդության հետ կապված, հետևաբար ծիծաղելի է պնդումը, որ հիվանդությունը չկա կամ վտանգավոր չի, կամ մտացածին է և այլն»:
Շնչառական սարքին միացված հիվանդներից մեկն այսօր այլևս դրա կարիքը չունի, ուրախությամբ նշեց բժիշկը.- «Ամեն օր չի, որ կարողանում ենք ուրախացնել լավ լուրերով, մեր հիվանդներից ծայրահեղ ծանրերից մեկը միացված էր արհեստական շնչառության ապարատին և այսօր անջատվել է ապարատից և շնչում է ինքնուրույն: Դա նույնպես եզակի դեպք է, որովհետև ինչպես գիտենք, այդ արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդները շատ հաճախ այլ ելքով են ավարտում: Միջազգային պրակտիկայում դա ավելի հաճախ հանդիպող բան է: Այնպես որ լուրն իսկապես շատ ուրախալի է»:
Կարեն Պողոսյանը պատմեց, թե վիրուսի պատվաստանյութի բացակայության պայմաններում ինչպես են բուժում կորոնավիրուսով հիվանդներին.- «Արդեն որոշակի փորձ կուտակվել է միջազգային բժշկագիտության մեջ այս հիվանդության դեմ պայքարի, և կիրառում ենք ճիշտ նույն ստանդարտները, ինչ որ զարգացած երկրներում: Դրանք համավիրուսային դեղեր են, բակտերիալ դեղեր... նաև իհարկե վիտամինոթերապիա և ֆիզիոթերապիա: Բայց ասեմ` ինչումն է խնդիրը, և ինչպես կարելի է ճիշտ վարվել: Առողջապահության նախարարությունը համապատասխան քննարկումներից հետո ընդունել է ստանդարտ ուղեցույց բուժման, ուղեցույցը միշտ վերանայվում է, միշտ կորեկցիա է արվում, և ուղեցույցով առաջնորդվում ենք: Եվ ես վստահաբար կարող եմ պնդել, որ ուղեցույցն արդարացրել է իրեն, ապացուցել է իր արդյունավետությունը: Խոսում եմ մեր կենտրոնի անունից, որովհետև մյուս կենտրոնների վիճակագրությանն այդպես լավ չեմ տիրապետում»:
Պողոսյանի խոսքով՝ արդեն տուն են ուղարկել 150 հիվանդի։ Մահվան դեպք չեն արձանագրել։ Փոխտնօրենն ասաց՝ բժշկական անձնակազմից ոչ մեկը վարակված չէ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տարբեր բուժհաստատություններում մոտ 320 բուժաշխատող է վարակվել.- «Եվ մահ չունենալը, չնայած նրան, որ մեզ մոտ գրեթե բոլոր հիվանդները ուղեկցող հիվանդություններով են, որովհետև բաշխումն այդպես կատարվեց նախարարության կողմից, բայց նաև շնորհակալություն եմ հայտնում ինչպես համախմբված աշխատանքի համար, որովհետև մենք, ինչպես գիտեք, Օրթոպեդիայի կենտրոն ենք և վնասվածքաբանության, և վերապատրաստվեցին մասնագետները, ցանկություն հայտնեցին մնալ օգնելու, այդ թվում` կրտսեր և միջին բուժպերսոնալը, և փառք Աստծո, չունենք ոչ մի վարակվածության դեպք բուժպերսոնալի շրջանում, զրո վարակվածություն»:
Երևանի Շտապօգնությունը հիվանդանոցներ է տեղափոխել 2 հազար 333 քաղաքացու
Մայիսի 4-ից պարետի որոշմամբ չեղարկվեցին մի շարք սահմանափակումներ։ Արդեն աշխատում են բացօթյա սրճարանները, վարսավիրանոցները, մարզասրահները, ատամնաբուժարանները։ Սահմանափակումների չեղարկմանը զուգահեռ, սակայն, օրական արձանագրված դեպքերի թիվն ավելանում է։
Այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն նշեց՝ սահմանափակումների մեղմացումից հետո կանչերը չեն ավելացել։ Երևանի Շտապօգնության անձնակազմից 12-ը վարակված են, նրանք մեկուսացված են։ Ըստ Ստեփանյանի` կորոնավիրուսի այս շրջանում բախվել են որոշակի դժվարությունների, որոնք արդեն լուծվել են.- «Դա բրիգադների, աշխատակիցների անվտանգության խնդիրն է, երբ ձեռք բերվեցին մեծաքանակ դիմակների, խալաթների մեկանգամյա օգտագործելու, այնուհետև արդեն համապատասխան հագուստ ձեռք բերելու»:
Ստեփանյանը նշեց, որ մարտից մինչև մայիսի 6-ը Երևանի Շտապօգնությունը հիվանդանոցներ է տեղափոխել 2 հազար 333 մարդու, որոնց մոտ կորոնավիրուսի վարակի կասկած է եղել։
Վարդենիս ու Դդմաշեն համայնքներում փակ է ելումուտը
Պարետի այսօրվա որոշմամբ մինչև մայիսի 9-ը երկարաձգվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքերի ու ելքերի սահմանափակումները։ Մոտ 12 հազար բնակիչ ունեցող քաղաքը փակ է ապրիլի 22-ից։ Մարզպետ Գնել Սանոսյանն ասաց՝ վիրուսի օջախը դեռ հայտնաբերված չէ.- «Սկզբնաղբյուրը պարզելու հետ կապված որոշակի խնդիրներ ունեցանք, որովհետև առաջինը գրանցվեց պոլիկլինիկայի բժշկուհու մոտ, բայց թե բժշկուհին որտեղից էր վարակվել, դա չկարողացանք պարզվել: Տարածվեց պոլիկլինիկայի որոշ աշխատակիցների, հիվանդանոցի բժիշկների և աշխատակիցների շրջանում և արդեն քաղաքում տարբեր մեր քաղաքացիների մոտ: Վարդենիսում արդեն 80-ն անցել է հիվանդների քանակը, բայց նրանց մի մասն արդեն ժամկետն անցել է, կարանտինից վերադարձողներ ունենք, բուժվածներ ունենք»:
Պարետի մեկ այլ որոշմամբ մայիսի 6-ից 10 օրով փակվել է նաև Գեղարքունիքի Դդմաշեն համայնքի մուտքն ու ելքը, այստեղ վարակի օջախ է հանդիսացել թաղման արարողությունը. - «2-3 օր հետո է հայտնաբերվել, բայց փաստացի այդ պահին ունեցել ենք, և այնտեղ այդ ընտանիքի անդամները, որոշակի հարազատներ այդպես շրջանակով սկսել է տարածվել»:
Ապրիլի 30-ից բաց են Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքների ելքերն ու մուտքերը։ Այստեղ վարակված է 6 բնակիչ։ Համայնքները փակվել էին ապրիլի 18-ից, վիրուսը հայտնաբերվել էր Մարալիկի առողջության կենտրոնում՝ վարակվել էր 25 մարդ, որից արդեն 6-ն առողջացել են, «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը.- «Ունենք 6 դուրսգրում, նրանք գնացել են ևս 14-օրյա տնային ինքնամեկուսացման»:
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ընդունեց՝ վիճակը գնալով բարդանում է, և չի բացառվում, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի, այն ավարտվում է մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին։