Մատչելիության հղումներ

Երեկ մահացած հիվանդը 64 տարեկան կին էր, ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություն


Անցած մեկ օրում՝ մայիսի 4-ին, նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 112-ով՝ հասնելով 2619-ի, մահացել է մեկ հիվանդ՝ 64 տարեկան կին, որն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ 40 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից․ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի։

«Ուղեկցող հիվանդությունների մասին բազմիցս խոսել ենք․ դա շաքարն է, զարկերային հիպերտոնիան և նմանատիպ այլ հիվանդությունները։ Լրջությունն այնքանով է, որ նրանք գտնվում են ռիսկային խմբում և նաև դա է պատճառը, որ անպայման շեշտում ենք ուղեկցող հիվանդությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մինչև օրս անցկացվել է 25 հազար 840 թեստ, որոնք կատարվում են յոթ տարբեր լաբորատորիաներում։ Նիկողոսյանը փոխանցեց, որ երեկ կատարվել է ավելի քան 900 թեստ․ - «Միջինում հազար թեստ է կատարվում օրական։ Երեկ կոնկրետ կարծեմ 970 ենք ունեցել»։

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 40-ի։ Վարակված ևս վեց անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի, մահացել է այլ պատճառներով։

Հարցին, թե արդյոք առանց դիահերձման կարելի է ստույգ իմանալ, որ հիվանդի մահն առաջացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ ուրիշ պատճառ ունի, Ալինա Նիկողոսյանը պարզաբանեց․ - «Պարտադիր չի, որպեսզի դիահերձում կատարվի, որ մահվան պատճառը նշվի։ Մենք հիմք ենք ընդունում մարդկանց մահվան վկայականները, որտեղ գրվում է մահվան պատճառը։ Կոնկրետ այս դեպքերի հետ կապված, մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունը չէ»։

Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքների մեկուսացման վայրերում այսօրվա դրությամբ գտնվում է մոտ երկու հազար մարդ։

Մեկուսացվածներից Գայանե Մարտիրոսյանը Հայաստան է վերադարձել Լատվիայից մայիսի 1-ին։ Հեռվից հասցրել է ձեռքով անել ընտանիքի անդամներին և միանգամից տեղափոխվել մեկուսացման վայր։

«Հաշվի առնելով, որ օդանավակայանի դիմաց բավականին շատ ավտոբուսներ էին կանգնած, ու բոլորին տեղավորում էին ավտոբուսների մեջ, հասկացա, որ բոլորին պարտադիր մեկուսացման են ուղարկում տարբեր տեղեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ իրեն լավ է զգում, ջերմություն չունի, թեեև հազ ունի, այն էլ դեռ Լատվիայից։

Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չի թեստավորվել և տեղյակ չէ, երբ են ստուգելու իրեն։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ երբ հիվանդության նշաններ չկան, մեկուսացվածներին թեստավորում են տուն ուղարկելուց առաջ։

Գայանե Մարտիրոսյանը մեկուսացմանը դեմ չէ, այդ երկշաբաթյա գերությանն առանց առարկելու համաձայնել է։

Այդուհանդերձ, նրա խոսքով, հեշտ չէ․ - «Ճիշտն ասած, հոգեբանորեն ահավոր դժվար ա, որովհետև մեկ տարի երբ որ հայրենիքումդ չես, ծնողներին չես տեսել, գալիս ես հասնում ես Երևան, օդանավակայանից դուրս ես գալիս ու ծնողներիդ տեսնում ես մոտավորապես երեսուն մետր հեռավորության վրա, տասը վայրկյան․․․ ահավոր դժվար էր, ու ոչ միայն իմ համար»։

XS
SM
MD
LG