Մատչելիության հղումներ

Տնտեսվարողները հիմնականում հետևում են պարետատան սահմանած կանոններին


Պարետի որոշմամբ, փակ արտադրամասերում աշխատողների միջև հեռավորությունը առնվազն պետք է 1,5 մետր լինի, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, ապա նրանք պետք է կրեն դիմային վահանակներ։

Մեր այցելած հացի արտադրամասում, սակայն, աշխատակիցներն առանց դիմակների էին։ Պատճառաբանեցին, թե բարձր
ջերմաստիճանի ներքո դիմակ կրելը հնարավոր չէ։

Ձեռնարկատեր Արարատ Ամիրխանյան․ - «Չեն կարա դնեն, ընդե 60-70 աստիճան ա։ Երկրորդն էլ ձեռնոցով որ բռնեց ինքը հացը, հալվելու ա ձեռնոցը»։

Ամիրխանյանն ասում է, որ ամեն օր ախտահանում ե ն արտադրամասը, ջերմաչափում են
աշխատակիցներին ոչ թե հեռահար ջերմաչափով, ինչպես պարետի որոշման մեջ է նշվում, այլ անհատական։

Մայիսի 4-ից պարետի որոշմամբ բացօթյա սրճարաններն աշխատում են։ Մի քանի պահանջ է ներկայացվել տնտեսվարողներին՝ ջերմաչափել թե՛ աշխատակազմին, թե՛ այցելուներին։ Այդ տվյալները պետք է տեղ գտնեն գրանցամատյանում։

Սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն մեկուկես մետր։ Տեսանելի վայրում էլ պետք է փակցված լինի կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկման թերթիկը։

Կենտրոնի սրճարաններից մեկում սեղանների միջև
հեռավորությունը փոքր էր պարետի սահմանած առնվազն մեկուկես մետրից։ Աշխատակիցներից մեկն ասաց, թե այցելուները մեջք-մեջքի են նստած, խնդիր չկա։ Հարցին, թե արդյոք հաճախորդներին ջերմաչափում են, մենեջերը
պատասխանեց․ - «Այո, եթե դեմ չեն լինում, անում ենք»։

Հարևանությամբ գտնվող սրճարանում փորձում են չշեղվել պարետի սահմանած կանոններից։ Մենեջերի խոսքով, ջերմաչափվել համաձայնում են բոլոր հաճախորդները․ - «Աշխատողներին երեք ժամը մեկ ջերմաչափում ենք անում, դիմակները, ձեռնոցները փոխում ենք»։

Սրճարաններից մեկն էլ բացօթյայի վերածելով՝ աշխատակիցներն այսօր սպասում էին հաճախորդների։
Առանձնացված սեղանների վրա տարբեր ախտահանող նյութեր էին։

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ չեղարկվելուց հետո դեռևս փակ են որոշ սրճարաններ և ռեստորաններ, որոնց ապակիներին կարելի է տեսնել հաճախորդներին ուղղված սիրո ու սպասումի գրառումներ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցած մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել է
հանրապետությունում գործող 770 ընկերություն՝ ստուգելու, թե որքանով են պահպանում պարետի սահմանած կանոնները։

Տեսչության Իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն 98 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության, նրանց գործունեությունը 6 ժամով դադարեցվել է․ - «Եթե սկզբում կասեցման որոշումները վեց ժամով էին, ապա ներկայում արդեն 24 ժամով կասեցման որոշումներ են կայացվում։ Թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ քաղաքացիները նկատել են այդպիսիք։ Ուզում եմ շեշտել, որ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, ուժեղացվել է նաև «թեժ գիծ» ծառայությունը, և դրանով ստացված բողոքները հիմք են հանդիսանում բողոքի հետքերով գնալու, քայլեր ձեռնարկելու համար։ Այդպիսով ապավինում ենք նաև հանրության աջակցությանը, քանի որ միայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմի ու անգամ գործընկեր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ռեսուրսները համատեղ թերևս բավարար չեն լինի ամբողջական համաժամանակյա վերահսկողության համար»։

«Եղել են նաև կրկնակի իրավախախտներ», - փոխանցեց Եղիազարյանը՝ նշելով, որ քիչ չեն նաև բարեխիղճները, որ իրենք են դիմում խորհրդատվության համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG