Մատչելիության հղումներ

«Թվերից պետք չէ վախենալ, թվերը կարող են լինել ահազանգ և զգոնության ու սթափության կոչ անել»


Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է նկատվում, և այս ֆոնին, փաստորեն, հանվում են սահմանափակումները:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիաննա Թորոսյանը կոչ է անում չկորցնել զգոնությունը:

Լիաննա Թորոսյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ինչո՞վ բացատրել այս շաբաթվա աճը, որը ինչ-որ իմաստով կարելի է աննախադեպ համարել: Օրինակ՝ եթե անցած շաբաթ 407 դեպք արձանագրվեց, այս անգամ արդեն 640 է: Ինչո՞վ է պայմանավորված այս աճը:

Լիաննա Թորոսյան. – Նախ, եկեք աննախադեպ բառը երկու հարթության վրա դիտարկենք: Աննախադեպ սպասելի, որովհետև, նախ, առաջին հերթին, սահմանափակումները փոքր-ինչ, իհարկե, դեռևս դրանք պաշտոնական չէին, բայց բնակչության ակտիվ շփումները իրենց, էսպես ասեմ, պարարտ հողը ստեղծեցին այդ թվերի ավելացման, և աննախադեպ ասվածը նաև որոշակիորեն, եթե դիտարկենք նաև, և՛ աշխարհագրական, և՛ օջախայնություն կարելի է վերագրել իրեն, այս թվերին: Որովհետև ունեցանք նաև, իհարկե, փոքր օջախներ, բայց՝ ընտանեկան օջախներ, ունեցանք նաև ակտիվ շփումներ, դեռևս դրանք, իհարկե, ամբողջական շփումներ չի կարելի դրանց ասել՝ սահմանափակումների դեռևս չհանելու պատրվակով՝ ես խոսում եմ անցած շաբաթվա մասին: Եվ նաև, իհարկե, լաբորատոր կարողությունների, լաբորատոր թեստավորումների մեծացումը և նպատակային հետազոտություններ:

Եվ քանի որ այսօր Առողջապահության նախարարությունը որդեգրել է քաղաքականություն՝ հայտնաբերել, հետազոտել, մեկուսացնել և բուժել, և, իհարկե, հայտնաբերումը միայն արձանագրված դեպքերի սերտ շփվածների առումով չի կատարվել, նաև, ինչու չէ, կարելի է այսպես կոչել՝ կանխարգելիչ հետազոտություններ. սա ինչ էր ենթադրում՝ այսինքն, վերցնել որոշակի խումբ, մասնավորապես՝ բուժաշխատողներ կարելի է դիտարկել այս հանգամանքը, բժշկական կազմակերպություն, բուժաշխատողներ, բոլորին, էսպես, մասսայական հետազոտություն: Եվ խնդիրն այն է, որ այն անձինք, ովքեր որ չունեին նույնիսկ, առանց ախտանշանների, որևէ գանգատ, ջերմություն կամ Covid-ին բնորոշ ախտանշաններ, նրանց մոտ հաստատվեց, հայտնաբերվեց դեպքեր: Այսինքն՝ սա նպատակ էր հետապնդում արագ հայտնաբերելու, և արդեն, եթե բուժկազմակերպության մասը դիտարկենք, քննարկենք, արդեն պացիենտ-բժիշկ հարաբերություն, որպեսզի բժիշկը պացիենտին չվարակի և հակառակը:

Իհարկե, նաև այս տենդենցները վեջին երկու-երեք օրվա ընթացքում պահպանվեցին, սա նաև փաստում էր այն մասին, որ, նախ, հայտնաբերման գործընթացը, կարելի է ասել, դրված է ռելսերի վրա, այսպես ասեմ, կայուն քայլերով, կայուն մեխանիզմներով գնում է առաջ, այսինքն՝ այն քաղաքականությունը, որ այսօր որդեգրված է՝ ինչքան հնարավոր է շատ թեստավորել, և հիմք ընդունելով հիվանդության օդակաթիլային մեխանիզմը և բարձր վարակելիությունը, բժշկական տերմինաբանությամբ ասված՝ կոնտագեզությունը, հանգեցրեց նման իրավիճակի:

Իհարկե, թվերից պետք չէ վախենալ, թվերը ընդհանրապես կարող են, էսպես, մեզ համար լինել ահազանգ և զգոնության և սթափության ևս մեկ անգամ կոչ անել, մասնավորապես՝ այն նախաշեմին, երբ որ վաղվանից կսկսեն որոշակի առումով սահմանափակումները հանել: Եվ սա մեզ բոլորիս, ասպես, սթափեցման նաև կոչ է՝ լինել զգոն, և սահմանափակում հանված՝ դա չի նշանակելու հաջորդիվ կանխարգելիչ միջոցառումների մասին մոռանալ: Իհարկե, սա առավել ևս քան պարտավորեցնող է յուրաքանչյուր քաղաքացուն, որպեսզի վերջինս պահանջատեր լինի իր առողջության և իր շրջապատի համար:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 3-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG