Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը չի բացառում, որ մայիսի վերջին վարակակիրների թիվը հասնի 10 հազարի


Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի նոր 121 դեպք է արձանագրվել է, վարակը խլել է ևս 4 մարդու կյանք, բուժվել է ընդամենը 36 հիվանդ։

Ինչպես տեղեկացրեց Առղոջապահության նախարարը, վարակի օջախները բազմաթիվ են, ինչը նշանակում է, որ բոլորը պետք է խստորեն պահպանեն կանոները։

Նախարարն ընդգծեց, որ մինչև մայիսի վերջը հնարավոր է ունենանք 10 հազար վարակակիր, իսկ եթե կանոնները չպահպանվեն, ապա թվերն ավելի կաճեն․ - «Տարբեր աղբյուրներ կան։ Հիմա կարող եմ մոտավորապես ասել․ 34-ը դրանք կարանտինից քաղաքացիներ են, 58-ը հաստատված դեպքի հետ շփումներ են, բժշկական աշխատակիցներ ունենք էլի, հայտնի հուղարկավորության արարողության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ»։

«Ազատությունը» հարց ուղղեց նախարարին․ - «Դուք գոնե առաջին հայացքից բավական սարսափելի զգուշացում արեցիք, որ եթե կանոնները չպահպանվեն, ապա կարող ենք ունենալ մինչև 500 հազար հիվանդներ, հազարավոր մահեր։ Եվ ասացիք, որ սա շատ իրատեսական է։ Հաշվի առնելով, որ հենց այսօրվանից բոլոր սահմանափակումները վերացվել են, կա՞ նման ռիսկ, որ ասածը կարող է իսկապես իրականություն դառնալ»:

Արսեն Թորոսյան․ - «Իմ ասածը իրականում պարզապես թիվ չէր։ Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատում էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներ և հազարավոր մահեր։ Բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել մինչ օրս, որովհետև մենք կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը։ Հիմա ասել 500 հազար կլինի, 100 հազար, թե հիսուն հազար, դժվար է․․․ բայց մեր վարքագիծն ա պայմանավորելու էդ թիվը»։

Նախարարը հավանական է համարում, որ մինչև մայիսի վերջը վարակակիրների թիվը հասնի 10 հազարի․ - «Սա բարձր է այն իմաստով, որ ավելի շատ ա, քան մենք կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց կուղարկենք տուն։ Բայց բարձր չի էն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը մենք կկարողանանք սպասարկել»։

Առողջապահության նախարարն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ կորոնավիրուսի ընդհանուր հաստատված դեպքերի թիվը Հայաստանում 2507 է, բուժվել է 1071 մարդ, 1393-ը բժշկական հսկողություն տակ են։ Ընդ որում, նրանցից 65-ը՝ ծանր, 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 9 հիվանդ միացված է արհեստական չնշառության սարքին։

Վարակն արդեն Հայաստանում խլել է 39 մարդու կյանք, ևս 4 վարկակիր մահացել է այլ պատճառներով։

Ինչ վերաբերում է մեկ օրում մահացած 4 քաղաքացիներին, ապա նրանք 66, 71, 79 և 83, տարեկան էին և ունեին քրոնիկ հիվանդություններ։ «Դրանք հիմնականում նույն հիվանդություններն են։ Հիմնականում շաքարային դիաբետն է, զարկերակային գերճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, որոնք որ փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնվելու ընդունակությունները, և էդ մարդիկ չեն կարողանում պարզապես վերականգնվել», - մանրամասնեց նախարարը։

Հարցին, թե ինչու ծայրահեղ ծանր հիվանդներից միայն 9-ին են միացրել արհեստական շրչառության սարքերին, Թորոսյանը պատասխանեց․ - «Ընդհանրապես մեր ռեանիմատոլոգները փորձում են հնարավորինս ուշ միացնել թոքերի օդափոխության սարքերը, որովհետև նրանք ինչքան էլ որ հաճախ անհրաժեշտ են, նաև ունեն բարդացումների հնարավորություն, ավելի վատթարացնելու պացիենտի վիճակը»։

Առողջապահության նախարարն այսօր խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի անդամների հարցերին ի պատասխան տեղեկացրեց, որ 3 քաղաքացիների մոտ կրկնակի վիրուս է հայտանաբերվել, այսինքն՝ նրանք բուժվել են, հիվանդանոցից դուրս են գրվել, բայց 2 շաբաթ հետո նրանց մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրանք կրկին մեկուսացվել են։ Առայժմ, ըստ Արսեն Թորոսյանի, պարզ չէ, դա կրկնակի՞ վարակ է, այսինքն՝ պացիենտը բուժվել է ու նորից է վարակվել, թե՞ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում․ - «Ճիշտ ա, մենք ունեցել ենք դեպքեր, որ նորից ա հայտնաբերվել վիրուսը, բայց ամեն դեպքում գիտական հանրույթը հակված ա դրան, որ դա ոչ թե կրկնակի վարակ ա, այլ պարզապես վիրուսի շարունակական առկայություն մարդու մեջ, վիորւսի գենետիկ նյութի, որը բուն վիրուսը չի ակտիվ, և էդ մարդը հավանաբար վարակիչ չի»։

XS
SM
MD
LG