Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է հաստատվել Մարալիկի առողջության կենտրոնի ևս 8 աշխատողի մոտ


Կորոնավիրուս է հաստատվել Մարալիկի առողջության կենտրոնի ևս 8 աշխատողի մոտ, այսպիսով 61-ից այժմ վարակված է 18-ը։ Շիրակի մարզում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 37-ի։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ հիմա ոստիկանությունը քաղաքում խիստ հսկողություն, իսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները կոնտակտավորների հայտնաբերման աշխատանքներ են իրականացնում:

«18-ը հաստատված, 50-ից ավելի անձանց տրվել է ինքնամեկուսացման ցուցում, ամբողջ անձնակազմին տրվել է ինքնամեկուսացման ցուցում: 40-ից ավելի անձինք՝ էս կոնտակտավորները, իրենք հիմա գտնվում են [ինքնամեկուսացման մեջ], ինքնամեկուսացման ցուցումները հիմա շարունակաբար տրվում են: Մեր կողմից նաև համատեղ ԱԻՆ-ի հետ քննարկվեց ամբողջ առողջության կենտրոնի տարածքն ախտահանելու խնդիրը, որ այսօր, վաղը ԱԻՆ-ի կողմից կիրականացվի», - ասաց Պետրոսյանը:

Հաշվի առնելով բուժհաստատության աշխատակիցների վարակման փաստը և մյուսների ինքնամեկուսացման ցուցումը, Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Ի դեպ, պաշտոնյաները չեն բացահայտում բուժաշխատողների վարակի աղբյուրը։

«Արդեն որոշում ունենք ծառայությունները հիվանդանոցում՝ առողջության կենտրոնում երկու շաբաթով դադարեցնելու, որովհետև նույնիսկ բացասական արդյունքով մարդկանց պարագայում ինքնամեկուսացման ցուցում է եղել: Դրականները բոլորն այս պահին արդեն Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում են: Բոլորի ինքնազգացողությունը, բացի անձնակազմի մեկ ներկայացուցիչ, այս պահին բավարար է: Այնտեղ շտապօգնության ծառայությունն այս պահին օպերատիվորեն գործում է՝ Գյումրիի և Արթիկի շտապօգնության բրիգադների անմիջական մասնակցությամբ: Մենք արդեն մեխանիզմները կքննարկենք էն հրատապ առողջապահական ծառայությունների հետ կապված, հավանաբար ամբուլատորիաները մոտական բնակավայրերի, իրենք որոշակի գործառույթներով կօգնեն, որպեսզի մենք այնտեղ բնականոն, որոշակի սահմանափակումներով, իհարկե, բայց շարունակենք բժշկական ծառայություն մատուցել անձնակազմին», - նշեց մարզպետը:

Պարետատան հետ հիմա քննարկվում է շուրջ 5000 բնակիչ ունեցող Մարալիկի մուտքն ու ելքը փակելու հարցը: Սակայն քաղաքն ամբողջությամբ փակելու դեպքում խնդիր կառաջանա, քանի որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության պատճառով Գյումրի-Երևան ճանապարհի մի մասը հիմա անցնում է Մարալիկի միջով։

Մարզպետն ասաց՝ մուտքն ու ելքը սահմանափակելու տարբերակներ են քննարկում:

«Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք ամբողջական մեխանիզմները քննարկելու, Մարալիկի պարագայում մենք ունենք նաև մեկ մոտեցում՝ կապված է մայրուղու, էս պահին միակ ճանապարհն անցնում է Մարալիկ բնակավայրի միջոց անմիջապես, հիմա նաև փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի, վերահսկել տեղաշարժը, բավականին հստակ մոտեցումներ ունենալ, տրանզիտն առանձնացնել այլ տեղաշարժերից, խիստ սահմանափակում դնել, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի հետ կապված առանձին մոտեցում: Երբ որ ամբողջական փաթեթը պատրաս կլինի, արդեն պարետատունը համապատասխան հայտարարությամբ և որոշումով հանդես կգա», - նշեց Տիգրան Պետրոսյանը:

Քանի որ վարակի դեպքերին զուգահեռ ավելանում է նաև մեկուսացողների թիվը, Տիգրան Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք մեկ մեկուսարանում բոլորին հնարավոր կլինի՞ տեղավորել:

«Դիտարկում ենք նաև այլընտրանքային կարիքի դեպքում այլ ծառայություններ իրականացնելու, բայց էսօր նաև կարող եմ շեշտել, որ նույն մեր Գյումրի ԲԿ-ի բժիշկների բուժանձնակազմի թիմը, որն այս պահին գտնվում է մեկուսարանում, հենց էսօր նմուշառվում է: Արդեն կապված նմուշառման պատասխաններից, իրենց ուղղակիորեն արդեն քննարկվում է մեկուսարանից իրենց բնակարաններ, իրենց առօրյա կյանք վերադառնալու հարցը», - պատասխանեց մարզպետը:

XS
SM
MD
LG