ՍԴ-ից հեռացվելու պարագայում Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները կարող են հաղթել ՄԻԵԴ-ում. փաստաբաններ

Ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկվեն, երբ պարզ է, որ Սահմանադրական դատարանը իրեն վերաբերող գործի քննությունը չպետք է իրականացնի։ Այս հարցը բարձրացնում է խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ, որի ընթացքում քաղաքացիները որոշելու են՝ դադարեցվե՞ն դատարանի 7 անդամների լիազորությունները, թե՞ ոչ։

Արդարադատության նախարարը խնդիր տեսնում է՝ դեռևս սակայն առանց լուծման տարբերակների. - «Ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն ենք բարձրաձայնում։ Եթե դիմումը կլինի, արդեն ներքին հարց է, թե ինքնաբացարկը անհրաժեշտ է ներկայացնել, թե անհրաժեշտ չէ ներկայացնել, դրա հետևանքները և այլն։ Բավական բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չէ»։

Աննախադեպ իրավիճակ է, համաձայն է փաստաբան Արա Ղազարյանը, ով վստահ չէ՝ հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում կարելի է՞ դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։

ՍԴ 7 անդամները կարող են դիմել ՄԻԵԴ և հաղթել

Սակայն Ղազարյանը վստահ է մեկ այլ հարցում. Սահմանադրականի 7 անդամ դատավորները, այդ թվում Հրայր Թովմասյանը կարող են դիմել Եվրոպական դատարան՝ իրենց խախտված մարդու իրավունքների հարցով։

Ընդ որում, ըստ Եվրոպական դատարան բազմաթիվ գործեր ուղարկած փաստաբանի, կարող են դիմել և հիմա՝ անուղղակի խտրականության, և հանրաքվեի արդյունքում դատարանից հեռանալու պարագայում՝ ուղղակի խտրականության ենթարկվելու հիմքով. - «Դատավորը ունի նաև անհատական իրավունք, և Հայաստանում կա միայն մեկ մարմին ընդհանուր կարգով, դա Բարձրագույն դատական խորհուրդն է։ Բայց տվյալ դեպքում ԲԴԽ չեն կարող դիմել, որովհետև չկա ընթացակարգ։ Մնում է միայն Եվրոպական դատարանը։ Գործընթացի մեջ կան խտրականության տարրեր, համաչափության սկզբունքն է խախտված և այլն, և այլն։ Իրենց աշխատանքային իրավունքը, իրենց անձնական կյանքի հարգման իրավունքը, իրենց աշխատանք ունենալու, կարիերա անելու, ինքնազարգանալու, սիրած գործով զբաղվելու և այլն»։

Եթե հանրաքվեի արդյունքում Հրայր Թովմասյանի և իր 6 գործընկերների լիազորությունները դադարեցվեն, ըստ Արա Ղազարյանի, ՄԻԵԴ-ում հաղթելու նրանց շանսերը մեծ կլինեն. - «Այստեղ կապ չունի, որ խոսքը Սահմանադրական դատարանի դատավորների մասին է...դա Եվրոպական կոնվենցիային չի հետաքրքրում։ Կոնվենցիան ունի իր սկզբունքները, և համար առաջին սկզբունքը դա օրինականությունն է։ Արդյո՞ք օրենքով սահմանված կարգով են այս մարդկանց աշխատանքային հարաբերությունները դադարեցվել»։

Փաստաբան Արման Զրվանդյանի կարծիքով, հանրաքվեն օրինական գործիք է, որից կարող է օգտվել Հայաստանի կառավարությունը բազմաթիվ հարցերի պարագայում, այդ թվում՝ 7 դատավորների պաշտոնավարման ժամկետի հարցում. - «Դրա մասին հիմա շատ են խոսում։ Օրինակ, փաստարկներ են բերում, որ որոշ հիմնարար իրավունքներին վերաբերող հարցեր՝ մահապատիժ, խոշտանգում, ստրկություն և այլն, այս հարցերը ենթակա չեն հանրաքվեով ժողովրդի կողմից որոշելու։ Եվ նրանք ճիշտ են ասում։ Դա փաստ է։ Բայց հանրաքվեին դրված այս հարցը չի վերաբերվում այդ արգելված նորմերին։ Այստեղ մարդու իրավունքների հարց չի որոշվում։ Հանրաքվեով որոշվելու է պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետի հարց»։

Եվրոպական դատարանի քարտուղարությունում նախկինում 4 տարի որպես իրավաբան աշխատած Արման Զրվանդյանը ևս հիմքեր տեսնում է, ըստ որոնց Սահմանադրական դատարանից հեռացվելու դեպքում 7 անդամները կարող են գնալ Եվրոպական դատարան. - «Պաշտոնավարումը դադարեցնելուց հետո այդ պաշտոնատար անձը պետք է դատական պաշտպանության իրավունք ունենա։ Ես կարծում եմ, սա ավելի լուրջ խնդիր է։ Դատական պաշտպանության իրավունքը դա հիմնարար իրավունք է։ Թվում է, թե հանրաքվեից հետո, եթե դադարեն այդ անձանց պաշտոնավարումները, իրավական պաշտպանության միջոց Հայաստանում չի լինելու, և սա կարող է հիմք հանդիսանալ, եթե նրանք դիմեն Եվրոպական դատարան, որ Եվրոպական դատարանը հետագայում ճանաչի 6-րդ հոդվածի խախտում»։

ՄԻԵԴ-ում կա նախադեպային գործ, որը շատ նման է Հայաստանում ստեղծված իրավիճակին, նկատում է Զրվանդյանը՝ «Բական ընդդեմ Հունգարիայի»։ Անդրաս Բական Հունգարիայի գերագույն դատարանի նախագահն է եղել և հեռացվել է 2011 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Եվրոպական դատարանը ճանաչել է Բակայի՝ դատական պաշտպանության ունենալու իրավունքի խախտումը։ Բական պահանջել էր նաև 3,5 տարվա այն աշխատավարձը, որը կստանար, եթե հեռացված չլիներ գերագույն դատարանից, այս մասով դատարանը համաձայնություն չի տվել։

«Նույն Բական պնդել է, որ դեռ երեք ու կես տարի պետք է աշխատեր և երեք ու կես տարի ստանալ այսքան չափի աշխատավարձ, և պահանջել է նյութական վնասի հատուցում։ Բայց Եվրոպական դատարանում նախադեպային իրավունքում կա մի սկզբունք՝ մի գույք, որը դու հետագայում կարող է ձեռք բերես, դա դեռ քո սեփականությունը չի, ենթակա չի պաշտպանության և չի կարող հատուցվել», - պարզաբանեց Զրվանդյանը։

Հանրաքվեի արդյունքում աշխատանքից հեռացվելու, ապա Եվրոպական դատարանում հաղթելու պարագայում արդյո՞ք այս վճիռը լրջորեն կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը, ինչպես պնդում է ընդդիմությունը։ Այս հարցին փաստաբանն արձագանքեց. - «Եթե այս գործը գնա Եվրոպական դատարան, կամ մի խումբ գործեր, եթե, օրինակ, յոթն էլ դիմեն, և դառնա վճիռ հետագայում, դա կլինի հերթական վճիռները Հայաստանի դեմ՝ եթե խախտում ճանաչի դատարանը։ Բայց ուզում եմ շեշտել, որ Եվրոպական դատարանը հատուկ զգայուն է վերաբերվում այն հարցերին, երբ որոշվում է դատավորին պաշտոնից հեռացնելու գործը։ Օրինակ, Բակայի գործով հենց զգուշավորություն է ցուցաբերել և խիստ տոնայնություն է օգտագործել»։