Մատչելիության հղումներ

Քաղաքացիները՝ հանրաքվեի մասին


Էջմիածինցի Արմեն Մեհրաբյանը հանրաքվեին մասնակցելու է, «այո» է ասելու, բայց վարչապետի համար նախապայման ունի. «Մեր սիրելի Նիկոլ Փաշինյանը, իսկականից, որ մենք բոլորս իրա կողմնակիցն ենք, էս «այո»-ից հետո վերջ տանք էս բռնել, փոխել, բաց թողելը»։

Տաքսիստ Հովհաննեսը կարծում է, որ այս հանրաքվեն կփակի հին իշխանության էջը։

«Կեղծ ընտրություն է եղել, 96 թվականից էս կողմ արդար ընտրություն բոլորս էլ գիտենք, չէ՞, որ չի եղել, հա, բա «այո» ասենք, նախկինները թող վերջանան, էթան», - ասաց տաքսիստը։

Որևէ իշխանության որևէ առաջարկի չի հավատում Ռուզան Եղիազարյանը. «Ընդհանրապես ոչ մի իշխանության և քաղաքականության չեմ հավատում, չեմ վստահում ու չեմ ցանկանում, դեմ եմ»։

Նրա համախոհն է ներկայանալ չցանկացող երիտասարդը, նրանք մտադիր չեն տեղամաս մտնել. «Ես կյանքում միայն Աստծուն եմ հավատում, սկի իմ վրա հույս չունեմ, իշխանության վրա ի՞նչ հույս ունենամ»։

Կան 100 տոկոսով կողմնորոշվածներ և 20 տոկոսով չկողմնորոշվածներ։

Զորիկ Մարտիրոսյանն ասաց՝ «այո» կասի, թե ի՞նչ հարց է լուծվում հանրաքվեով, ասաց՝ քարոզարշավ կանեն, կիմանա։

Կան նաև քարոզարշավի կարիք չունեցողներ. «Քարոզարշավ պետք չի, գնալու եմ գրեմ «այո»։ «Այո» ենք ասելու, ի՞նչ քարոզարշավ»։

«Ոչ թե գնալու եմ, այլ 10 ոտքով եմ գնալու», - հանրաքվեին է պատրաստվում վանաձորցի Համլետ Գյուրջինյանը, շատ լավ գիտի, թե սահմանադրական փոփոխությունների այս նախագծով ինչ է առաջարկվում։

«Դա իրանց վերջի բնօրրանն ա, դրանց պիտի քոքից կտրես, մի հատ պիտի չթողաս այդ դատավորներից։ Ժողովրդին թալանչիները հենց նրանց գլխավորությամբ են թալանել», - ասաց Գյուրջինյանը։

Ջանիբեկ Հարությունյանը ճիշտ հակառակ կարծիքին է. «Սահմանադրական դատարանն էն օրգանը չի, որ էսօր մեզ խանգարում է ամեն ինչին, եթե մնացած դատարանները նորմալ աշխատում են, Սահմանադրական դատարանում սկի աշխատանք չկա»։

Հարությունյանն ասում է՝ սա զուտ անձնական կռիվ է, ինչո՞ւ են շտապում դատարանի անդամներին հեռացնել այդտեղից, կողմ է Սահմանադրության ամբողջական փոփոխությանը։

Վանաձորյան վարսավիրանոցում համաձայն չեն, սպասում են ապրիլի 5-ին։

«Լավ են արել, որ ժողովրդին են դիմել», - գյումրեցի Հակոբ Գաբրիելյանը ողջունում է հանրաքվեի առաջարկը, նույնիսկ համարում է ուշացած։

«Կրկին պետք է դիմել ժողովրդին, ժողովուրդն իրա վերջին խոսքն ասի», - նշեց Գաբրիելյանը։

Գուցե հանրաքվեի կարիք չկար, կասկածում է Ալեքսանդր Խաչատրյանը. «Միգուցե մեկ անգամ պետք է ընդառաջենք»։

Քաղաքացիների մի մասն ասաց, որ տեղամաս գնալու մտադրություն չունի, հանրաքվեն բոյկոտողները, սակայն, գերադասում էին որոշումը չհիմնավորել։

Կային նաև մարդիկ, որ պատրաստ են «այո» ասել, բայց բոլորովին հետաքրքրված չէին, թե ինչ հարց է ի վերջո դրվում հանրաքվեի. «Ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում է դնեն ես «այո» եմ ասելու ու վերջ»։

XS
SM
MD
LG