Ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստվում է ընտրության կամ հանրաքվեի, հարց է առաջանում՝ արդյո՞ք կգա այն օրը, որ արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին ի վերջո հնարավորություն կտրվի այս գործընթացին մասնակից դառնալ։
Քննարկումներից այն կողմ հարցը դեռ չի գնացել, և այս անգամ էլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունքից կկարողանան օգտվել արտերկրում ապրող սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիներ՝ դիվանագետները, Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում աշխատողները, նրանց ընտանիքները: Դրսում ապրող մեր հայրենակիցների՝ քվեարկության իրավունքն ապահովելու պահանջին իշխանությունն արձագանքում է՝ չվերահսկվող միջավայրում քվեների գաղտնիությունն ապահովելը մեծ ռիսկեր է պարունակում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդունում է՝ այս խնդրի լուծումը դեռ չեն գտել. - «Իդեալական լուծում երկրից դուրս գտնվողի քվեարկությունը կազմակերպելու համար չկա: Խոսքը ոչ միայն քաղաքական տեսակետից է, այլ նաև տնտեսական և նաև կազմակերպչական առումով, որովհետև կախված, թե ինչ եղանակ ենք մենք ընտրում, միշտ այնտեղ խնդիր ենք ունենալու քվեարկության գաղտնիության երաշխավորման հետ կապված, որովհետև արտերկրում այդ երաշխավորը Հայաստանի Հանրապետության կողմից դժվար կամ, ավելի հստակ կարելի է ասել, անհնարին է»:
Դիտարկմանը՝ միակ տարբերակը մնում է «ընտրական տուրիզմն» ապահովել, ինչպես վարչապետն էր ասել, որովհետև ավելի հեռու ժամանակներում դժվար է պատկերացնել, որ կլինի online քվեարկություն կամ արտերկրում քվեարկելու իրավունք, պատգամավորն արձագանքեց. - «Անգամ ծախսի տեսակետից տոմս առնել և գալ, երկրում քվեարկել ավելի էժան է համարվում, քան համակարգ ներդնել: Կան երկրներ, որտեղ անգամ փորձել են ներդնել երկրից դուրս քվեարկության որևէ մեխանիզմ, և դա շատ ավելի ծախսատար և ոչ արդյունավետ է դառնում»:
Անցած տարի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմանը։ Վերջերս պատգամավորն ասել էր, որ աշխատում է օրենսդրական այս նախաձեռնության վրա։
Այսօր էլ այս թեմայով հանրային քննարկում էր։ Գնահատելով բոլոր ռիսկերը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ընդգծեց՝ խնդրին պետք է լուծում գտնել. դեռևս թարմ հիշողություն է, թե ինչպես էին ժամանակին օգտագործվում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ձայները։
«Նրանց իրավունքից զրկելով՝ ըստ էության Հայաստանի կառավարությունը նախկինում ապահովել է ընտրակեղծարարության հիմնական հենքը՝ ստեղծելով հնարավորություն կեղծելու ընտրությունները և օգտագործելու երկրից բացակա քաղաքացիների անունները», - ասաց Այվազյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս հարցն ուսումնասիրվել է նաև ընտրական բարեփոխումների հանձնաժողովում, բայց ռիսկերը հաշվի առնելով՝ հասկացել են, որ այս փուլում փոփոխություն հնարավոր չէ։
«Հայաստանի պետական ինստիտուտները, իրավապահներն այդ թվում, ԿԸՀ-ն և այլն ունեն լծակներ՝ վերահսկելու քարոզարշավի հավասար պայմանները, ունեն լծակներ՝ վերահսկելու օրինականության ապահովումը, ընտրակաշառքի դեմ պայքարը և այլն: Բայց ենթադրենք՝ արտերկրում գտնվող ինչ-որ քաղաքացիների սկսեն ընտրակաշառք բաժանել, մեր իրավապահները ոչինչ չեն կարող անել: Ավելի վատ սցենար. օտար պետություն որոշի իր տարածքում բնակվող Հայաստանի քաղաքացիների վրա ինչ-որ ճնշումներ բանեցնել, որպեսզի իրենք քվեարկեն այստեղ որևէ քաղաքական ուժի, որը այդ պետությանը մետ հայացքներ ունի: Էլի շատ մեծ ռիսկ է, եթե հաշվի առնենք մեր սփյուռքի չափը, մեր սփյուռքի բաշխվածությունն՝ ըստ երկրների, մենք կտեսնենք, որ բավականին շոշափելի ռիսկ կա այս առումով»: