Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան. Ես կարծում եմ, անհրաժեշտ թվով «այո» ձայները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կտան


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա, և ապրիլի 5-ին քաղաքացիները անհրաժեշտ թվով քվե կտան։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ևս 6 դատավորների պաշտոնանկ անելու հարցով սահմանադրական փոփոխությունը ընդունելու համար անհրաժեշտ է մոտ 650 հազար քաղաքացու կողմ քվե։

Նախընտրական քարոզարշավը թեև պաշտոնապես արդեն մեկնարկել է անցած շաբաթվանից, սակայն կոնկրետ միջոցառումներ դեռևս չեն իրականացվում։ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ քարոզարշավի մեկնարկը կտրվի վաղը կայանալիք դրամահավաքի երեկոյին, որտեղ «Այո»- ի շտաբը կներկայացնի, թե ինչ կարգախոսով, երգով և լոգոյով են մասնակցելու։

Ի դեպ, «Ասում եմ այո» քարոզչական երգը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, որը նաև քննադատական գնահատականների է արժանացել։ Հայկ Ստվերի ստեղծագործությունը սակայն Ազգային ժողովի նախագահին դուր է եկել, հատկապես կրկներգը։

Միրզոյան. - Մեծ հաշվով, քարոզարշավը փաստացի կարող ենք համարել մեկնարկած։ Պաշտոնական մեկնարկ կլինի, կարծում եմ, ամսի 25-ին՝ վաղը. մենք ունենք դրամահավաք-երեկո, որտեղ բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահագրգռված են, որպեսզի «Այո»-ի քարոզարշավը բարձր մակարդակով իրականացվի, իսկ դրա համար նաև ֆինանսական միջոցներ են պետք, կկարողանան գալ և իրենց ներդրումը ունենալ։ Այդտեղ կներկայացվի նաև քարոզարշավի բրենդինգային կոմպոնենտը, երգը, լոգոն և այլն։

«Ազատություն». - Դուք մասնակցելո՞ւ եք։

Միրզոյան. - Իհարկե մասնակցելու եմ։ Այնքանով, ինչքանով դա չի խանգարի Ազգային ժողովի նախագահի իմ պարտականությունների իրականացմանը։ Արձակուրդ չեմ վերցնելու։ Ես կունենամ շաբաթ-կիրակի օրեր, ես կունենամ օրեր, երբ որ նիստեր չկան, նաև, բացի նիստերից, ես նաև խորհրդարանական դիվանագիտության լուրջ գործառույթներ ունեմ և բազմաթիվ այլ։ Եվ ահա, ազատ ժամանակ կգտնվի, կարծում եմ։

«Ազատություն». - Չունե՞ք մտավախություն, որ կարող է հանրաքվեն չկայանալ, 650 հազարից ավելի «այո» չլինի։

Միրզոյան. - Ես իրատեսական չեմ համարում այդպիսի վարկածը։ Ես կարծում եմ, որ ի վերջո հանրաքվեն կկայանա, և անհրաժեշտ թվով «այո» ձայները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կտան առաջարկվող փոփոխության օգտին։

«Ազատություն». - Հետևյալ հարցադրումն է հնչում. արդյո՞ք Հրայր Թովմասյանի համար մարդիկ պատրաստ են գնալ քվեարկության։

Միրզոյան. - Ես կարծում եմ, դա հարցի չափազանց պարզունակ, պրիմիտիվ՝ բառի վատ իմաստով, ձևակերպում է։ Սա Հրայր Թովմասյանի հարցը չի։ Շատ ավելի շերտեր և խորքային նյուանսներ կան այս հարցի հետ կապված։

«Այո»-ի քարոզարշավին կմասնակցի նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ազատության» հարցին ի պատասխան, թե արդյոք արձակուրդ մեկնելու է, նախարար ասաց, որ քաղաքական թիմը կորոշի, ամեն դեպքում նախարարի «զբաղվածությունը շատ մեծ է»։

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ քարոզարշավին կրթական հաստատությունները որևէ ներգրավվածություն չեն ունենալու. - «Ինչի՞ ենք մենք անընդհատ հետ գնում Հանրապետական ռեժիմի ժամանակահատվածը և հարցը բարձրացնում։ Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»։

Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի կողմնակիցները այս պահին զբաղված են հանձնաժողովներում իրենց անդամների նշանակման գործընթացով։ Այլ տեղեկություն «Ոչ»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հրաժարվեց փոխանցել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG