Մատչելիության հղումներ

ՍԴ ներկայիս կազմը, ամեն օրը մնալով, խոչընդոտելու է բարեփոխումները, ասում է Արսեն Խառատյանը


Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Սահմանադրական դատարանում (ՍԴ) ճգնաժամ կա, և ՍԴ ներկայիս կազմը, ամեն օրն այնտեղ մնալով, խոչընդոտելու է բարեփոխումներին:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9 ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։

Ներկայացնում ենք հատվածներ Արսեն Խառատյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեզ համար որքանո՞վ է Սահմանադրական դատարանում ստեղծված այս վիճակը ճգնաժամային, ինչպես գործող իշխանությունն է բնորոշում:

Արսեն Խառատյան. - Ինձ թվում է՝ միայն գործող իշխանությունը չի, որ բնորոշում է, մեր միջազգային գործընկերներն են դա հավաստում, Հայաստանում գործող հանրային որևէ կառույց, կարծում եմ, որն իրականում ուզում է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, հասկանում է, որ սա ճգնաժամ է: Իհարկե, ճգնաժամ է, ճգնաժամ է նախևառաջ այն պատճառով, որ ունենք այն Սահմանադրությունը, որն ունենք և երկրորդը՝ այն պատճառով, որ այն մարդիկ, որոնք այսօր այդ Սահմանադրական դատարանն են ներկայացնում, ըստ էության չեն անում այն, ինչ պիտի անեն և դարձել են քաղաքական գործիչներ, քաղաքականությամբ են զբաղվում: Եվ սա հենց այն ամենաառանցքային կարևորագույն պրոբլեմն է, որը դրսևորվում է հիմա, ուղղակի հրապարակային է դրսևորվում: Եթե նախկինում այդ Սահմանադրական դատարանը մոտավորապես նույն կազմով աշխատում էր կառավարող խմբի կամ իշխանության կողմից բերվող փաստաթղթերը շտամպելու, կնքելու գործին, հիմա արդեն դարձել է ուղիղ գործող քաղաքական խմբավորում, և սա մեր դատական համակարգի աղետն է:

«Ազատություն». - Գործնականում այդ ճգնաժամն ինչպե՞ս է դրսևորվում: Նախօրեին հանգիստ նիստ էին անում, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն էին քննում, գնացին խորհրդակցական սենյակ. այդ ի՞նչ ճգնաժամ էր:

Արսեն Խառատյան. - Ուշագրավ է չէ՞, որ այս վերջին ամսվա ընթացքում շատ տարբեր տիպի ակտիվ նիստեր են անում, 25 տարվա ընթացքում բաց նիստեր չէինք տեսել, հիմա ինչ-որ պատճառով որոշեցին, որ իրենք այդպես ակտիվ, իրենց իսկ բնորոշմամբ, այդ «վերջին բաստիոնն» են, ինչի բաստիոնն են, չգիտեմ, բայց մեծ հաշվով հասկանալի է ինձ համար, որ իրենք իրենց օրերն են հաշվում, հասկանում են, որ ժամանակ շատ չի մնացել, և որոշ իմաստով գուցե նաև խուճապային է վիճակը:

«Ազատություն». - Դուք նախկինների «ականջներն» ե՞ք տեսնում դատարանի հետևում, երբ ասում եք քաղաքական գործունեություն:

Արսեն Խառատյան. - Ինձ թվում է, որ դա ակնհայտ է, ինձ թվում է, որ բոլորս ենք հասկանում դա: Ինձ թվում է, որ իհարկե, փաթեթավորվում է այնպես, թե մենք միակ վերջին խումբն ենք, որ մնացել ենք, որ հակակշիռ լինենք, արդարության համար և այլն, բայց նայեք դատարանի վճիռները, նայեք, տեսեք, թե ինչ եզրակացություններ են տալիս կոնկրետ շատ հստակ ռեֆորմի օրակարգ ձևավորող օրենքների հետ կապված, դա դատավորների վեթինգին վերաբերող և այլ հարցերի շուրջ է:

«Ազատություն». - Նկատի ունեք ԲԴԽ-ի վրա դրված արգե՞լքը:

Արսեն Խառատյան. - Այո, ուստի հստակ է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմն իր ամեն օրն այնտեղ մնալով փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի այն բարեփոխումների օրակարգը, որ ունի գործող լեգիտիմ իշխանությունը, հնարավոր չդառնա:

«Ազատություն». - Ինչո՞ւ, որ արդարադատության առջև չկանգնե՞ն նախկինները, ա՞յդ օրակարգն է սպասարկում:

Արսեն Խառատյան. - Մի քանի հանգամանք կարող է լինել. արդարադատության առջև արդեն իսկ կանգնողներ կան նախկիններից, և այդտեղ Սահմանադրական դատարանը որքան էլ փորձեց ինչ-որ բաներ անել, կարծես թե անօգուտ է, բայց այո, մյուս կողմից էլ դա է, այդ կապվածություններն են, կախվածություններն են, որոնք ունեն, և նաև վախերը, որ նույն բանը կարող է տեղի ունենալ նաև իրենց հետ:

«Ազատություն». - Իրենք էլ կանգնե՞ն այդ պատասխանատվության առաջ:

Արսեն Խառատյան. - Իսկ ինչո՞ւ ոչ. Հայաստանում այնպիսի իրավիճակ է հիմա, որ կարծում եմ, որ շատերին է մտածելու տեղիք տվել, իրենց անցյալն են հիշում, իրենց վճիռներն են հիշում, և կարծում եմ՝ իրենց վճիռները հիշելով՝ անհանգստանալու բաներ պիտի որ ունենան:

«Ազատություն». - Հաջորդը խորհրդարանական ընդդիմության մասին, «Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց անօրինականությամբ չի կարելի հաստատել օրինականություն», եթե ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի թեզը համառոտ ներկայացնեմ:

Արսեն Խառատյան. - Իսկ այդ անօրինականությունը հանրաքվե՞ն է: Ես կարծում եմ, որ մենք այնքան հետ ենք վարժվել, որ ժողովուրդը, ուղիղ ժողովրդավարության գործիքակազմը կիրառելով, պիտի բան փոխի, որ հիմա այս տեքստերը, որ հնչում են, բնականաբար նաև տեղավորվում են նախկին մտածողության մեջ: Այո, խորհրդարանը գտել է տարբերակ, ասել է, որ վերջին, այ այն կտորը, որ շարունակում է համառել, Հայաստանի զարգացման հեռանկարի առաջ է կանգնում, անկյունաքարային պրոբլեմներ է ստեղծում, այո, ուղիղ ժողովրդավարության միջոցով է, որ պիտի լուծվի:

«Ազատություն». - Բայց չի թակել Վենետիկի հանձնաժողովի դուռը, Գլխադասային հանձնաժողովով չի անցել և այլն:

Արսեն Խառատյան. - Ինձ թվում է, որ բոլորս արդեն հասկանում ենք, որ Վենետիկի հանձնաժողովը բավականին լուրջ մտածելու բաներ ունի այս Սահմանադրության հետ կապված, գործող Սահմանադրության հետ կապված իր դրական եզրակացությունների մասով: Այս ճգնաժամային իրավիճակում գուցե մեղքի որոշակի բաժին ինքն էլ ունի և ոչ միայն ինքը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG