Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. Սոցիալական ցանցերից դուրս ատելություն ու անհանդուրժողականություն «գրեթե չկա»


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի երրորդ օրն է արդեն, սակայն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբերը դեռ չեն շտապում ակտիվ քարոզով զբաղվել։

«Այո»-ի ջատագովները, մասնավորապես, իշխանական թևի ներկայացուցիչները դեռ աշխատանքային ռեժիմում են, արձակուրդ չեն վերցրել այդ նպատակով։

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ «Այո»-ի քարոզով կզբաղվի միայն աշխատանքային ժամերից հետո, հանգստյան օրերին։ Նախարարին հիշեցրինք, որ նախկինում կրթական հաստատությունների, մասնավորապես, դպրոցների տնօրեններն ակտիվորեն մասնակցում էին քարոզարշավին՝ երեխաներին հավաքների տանելով, ծնողներից անձնագրային տվյալներով հավաքելով։ Ընդամենը երեք տարի առաջ էլ հրապարակվել էր մի քանի տասնյակ դպրոցների տնօրենների կողմից իշխանությունների համար քվեներ ապահովելու վերաբերյալ հետաքննությունը։

Արայիկ Հարությունյանը արձագանքեց, թե բացառվում է անգամ այդպիսի բան անելու փորձը։ Տնօրեններին մեկ անգամ ևս բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները. - «Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ընտրություններ՝ մեկ համապետական, Երևանի ավագանու, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, և մենք ունենք զրո փաստ, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացների մեջ։ Բայց նաև հերթական անգամ մեզ ապահովագրելու [համար] նախկինում եղած անախորժ իրավիճակներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ մշակել ենք մի շրջաբերական և ուղարկել ենք ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերները ուսումնական հաստատություններում իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը չձևավորեց «Ոչ»-ի շտաբ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ասել էր, թե չեն պատրաստվում դառնալ հակահերոս, կոչ էին անում «Ոչ»-ի ճակատ չձևավորել՝ «իշխանությանը որևէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտալու համար»:

Այդուհանդերձ երեկ հայտնի դարձավ, որ 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնությունը հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու համար։ «Ազատության» հարցին, թե արդյոք «Այո»-ի ջատագովների համար խնդրահարույց չէ, որ «Ոչ»-ի ճամբարն իրենց մեղադրում է ատելության քարոզ իրականացնելու մեջ, Արայիկ Հարությունյանն առաջարկեց փողոցով քայլել և լսել մարդկանց. - «Պարզապես սովորական մարդկանց հետ զրուցենք և կտեսնենք, որ ոչ մի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ չկա։ Կարծում եմ, որ այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում։ Ես սոցիալական ցանցերից դուրս, չասեմ, որ չկա նման երևույթ. գրեթե չկա նման երևույթ»։

Նախարարն այսօր փողոց էր դուրս եկել ոչ քաղաքական, այլ կրթական նպատակով։ Արդեն ավանդույթ դարձած Գիրք նվիրելու օրվա առթիվ անցորդների հետ գրքեր փոխանակեց, Խնկո Ապոր անվան գրադարանում Թումանյանի «Շունն ու Կատուն» ընթերցեց երեխաների համար։

XS
SM
MD
LG