Մատչելիության հղումներ

«ՍԴ-ում ո՛չ Վահե Գրիգորյանի եկած ժամանակ, ո՛չ հիմա ճգնաժամ չի եղել և չկա». Ֆելիքս Թոխյան


ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը պատասխանում է լրագրողների հարցերին։
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 անդամներ լիազորության դադարեցման մասին հանրաքվեն որակեց քաղաքական ակցիա:

Թոխյանը չմեկնաբանեց, թե արդյոք հանրաքվեի դրվող հարցը պարտավոր են ուղարկել բարձր դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու համար. - «Ես չեմ կարող այդ հարցին պատասխան տամ շատ պարզ պատճառով. որովհետև հանրաքվեի արդյունքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, և այդ դեպքում մենք չգիտենք ինչ պետք է ասենք»։

Իսկ կարո՞ղ են հանրաքվեի արդյունքները բողոքարկվել Սահմանադրական դատարանում, եթե հարցը ենթադրում է նույն դատարանի դատավորների մեծամասնության լիազորությունների դադարեցում:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը վստահ է, որ ոչ. - «Քանի որ ինքը դատավորը շահագրգռված է, իրա վերաբերյալ չի կարող գործ քննել։ Ուստի այս առումով, ես կարծում եմ, երկու կարծիք չի կարող լինել»։

Եթե հանրաքվեից հետո ՍԴ գործող կազմի 7 դատավորները չկարողանան մասնակցել բողոքի քննությանը, ապա ՍԴ-ում կմնա երկու դատավոր, և քվորում չի լինի: Այդ դեպքում, ըստ փաստաբանի, ինչպե՞ս է ապահովվելու գործընթացի բողոքարկման հնարավորությունը, այստեղ «իրավական անորոշություն կա». - «Այդպիսի վեճերը քննում է միայն Սահմանադրական դատարանը։ Այստեղ ակնհայտորեն առկա է կոլիզիա։ Իշխող ուժը մտածի սրա մասին, թե ինչ ձևի է ապահովելու այդ արդյունքների բողոքարկումը»։

Ֆելիքս Թոխյանը չի պատասխանում նաև այս հարցին՝ նույն հիմնավորմամբ. - «Բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ կարող է լինել դիմում Սահմանադրական դատարան, ես կարծիք չեմ կարող արտահայտել։ Ճիշտն ասած՝ կարող եմ արտահայտել, բայց այդ դեպքում գործը եթե լինի, չեմ կարողանա մասնակցել»։

Փաստաբան Գյոզալյանը նկատում է, որ հարցն արդիական կդառնա բողոքի դիմումի առկայության դեպքում, իսկ նման դիմում ՍԴ կարող է ներկայացնել միայն խորհրդարանական ընդդիմությունը: Իսկ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» մինչև այս պահը իրենց դուրս են թողել հանրաքվեի շուրջ տեղի ունեցող գործընթացից:

Մյուս սցենարը, ըստ Գյոզալյանի, այն է, որ ՍԴ-ն քննության առարկա դարձնի բացառապես հանրաքվեի արդյունքները և ոչ թե հանրաքվեի դրվող հարցի բովանդակությունը. - «Այս մեկնաբանության դեպքում կարող են նրանք քննել։ Թեև իմ դիրքորոշումը հստակ է, որ նրանք առհասարակ պետք է չքննեն այդ վեճը»։

1997-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Թոխյանը ասում է, թե այսօր էլ կստորագրեր ՍԴ կայացրած բոլոր որոշումների տակ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների բողոքարկմանը վերաբերող:

Իսկ իրենց հասցեին մեղադրանքեր հնչեցնող փաստաբաններին Թոխյանը խորհուրդ է տալիս բացել Սահմանադրական դատարանի արխիվը. - «Հրապարակեք այն փաստաթղթերը, որոնք եղել են Սահմանադրական դատարանի դատավորների սեղանին, երբ որ նրանք այդ որոշումները կայացրել են։ Եթե դուք այլ որոշում կայացնեիք այդ փաստաթղթերի առկայությամբ, որոնք ստանում էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, դատախազությունից, ոստիկանությունից, պետական տարբեր ատյաններից... մեզնից ի՞նչ եք ուզում»։

Գևորգ Գյոզալյանը հիշեցնում է 2003 թվականի ընտրությունների բողոքարկման վերաբերյալ որոշումը։ Ըստ նրա, խախտման վերաբերյալ փաստերն այնքան ակնառու էին, որ Սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական հատվածում արձանագրել էր դրանք և առաջարկել էր կազմակերպել վստահության հանրաքվե:

Օրվա իշխանությունները, սակայն, ՍԴ-ի այդ և մի շարք այլ որոշումներ այդպես էլ չկատարեցին․ - «Այդ որոշումների մի մասը եղել են փաստեր, որի հիման վրա նրանք պետք է, իմ սուբյեկտիվ կարծիքով, ճանաչեին անվավեր, բայց չեն ճանաչել անվավեր։ Դրա փոխարեն ինչ-որ նոր ինստիտուտ են ներմուծել՝ վստահության հանրաքվե անվամբ։ Եթե չէր համապատասխանում, ապա պետք է ճանաչվեր անվավեր։ Այստեղ է, որ երբ որ Հայաստանի ժողովուրդը թակում էր դուռը, նրան ասում էին՝ ցտեսություն, գնա մի վեց ամիս հետո, մի տարի հետո վստահության հանրաքվե արա»։

Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու՝ նաև ընտրություններին վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանելու համար:

Թոխյանը չի հերքում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան հետ այս օրերին հանդիպել է, բայց չի հստակեցնում, թե ինչ հարցեր են քննարկել: Չի ասում նաև, թե արդյոք կօգտվի կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից: Միայն վստահեցրեց, թե Սահմանադրական դատարանում ո՛չ Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո, ո՛չ էլ առաջ ոչ մի ճգնաժամ չի եղել:

XS
SM
MD
LG