Լիբիայում կողմերը փորձում են հրադադար հաստատել

Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողով, Բեռլին, 19 հունվարի, 2020թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովում բանակցող կողմերը քննարկել են հրադադարը, որը կստեղծի երկիրը քաոսային վիճակից դուրս հանելու պայմաններ: Հաջողությունը կընձեռի նավթարդյունահանող կենտրոնների աշխատանքը վերականգնելու հնարավորություն:

«Բանակցություններին մասնակցում են գրեթե բոլոր այն ուժերը, որոնք կարող են նպաստել Լիբիայի ժողովրդի կյանքի բարելավմանը, արձանագրվել է առաջխաղացում համապարփակ հրադադարի հասնելու ուղղությամբ, դեռ կա անելիք, շատ խճճված ռազմադաշտ է, բայց նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը, կանցլեր Անգելա Մերկելը, բոլորը ջանք են գործադրում վտանգները նվազեցնելու, կրակի դադարեցումը երաշխավորելու համար», - ասել է պետքարտուղար Փոմփեոն:

Առանցքային նպատակն է ավարտել քաղաքացիական պատերազմը, որը երկիշխանություն է ստեղծել Լիբիայում: Պառակտված և արյունահոսող երկրի մի հատվածը՝ մայրաքաղաք Տրիպոլին ներառյալ, ենթարկվում է ՄԱԿ-ի և մի շարք պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչված վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի կառավարությանը: Մյուս հատվածն էլ գտնվում է ըմբոստ գեներալ Խալիֆա Հաֆթարի զորքի հսկողության տակ:

Արևմտյան երկրների պնդմամբ՝ Մոսկվան անուղղակի սատարում է Հաֆթարին: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը:

«Լիբիայում ազդեցություն ունեցող երկրները խոստացել են չդիմել այնպիսի քայլերի, որոնք հակամարտող կողմերին կդրդեն շարունակել պատերազմը: Ստեղծվում է կոմիտե, որում ներկայացված կլինեն վարչապետի և Հաֆթարի հնգական ներկայացուցիչներ, կոմիտեն ՄԱԿ-ի հսկողությամբ կիրականացնի կայուն հրադադար երաշխավորելու միջոցներ», - ասել է ՌԴ գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Լավրովը:

«Մենք կարող ենք հայտնել, որ բոլոր մասնակիցները համաձայն են հարգել Լիբիային զենք չտրամադրելու էմբարգոն, այն կլինի նախկինի համեմատությամբ առավել խիստ հսկողության տակ», - հավաստիացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներից զատ, բեռլինյան հավաքին մասնակցել է նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները, հորդորում ենք արտաքին դերակատարներին վերջ տալ միջամտությանը, որն աճել է վերջին օրերին: Լիբիան Եվրամիության համար առաջնահերթություն է, և մենք ակտիվ գործողություններ ենք ձեռնարկում հակամարտությունը կարգավորելու և քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար»,- ասել է Բորելը:

Բեռլինյան համաժողովին ներկա են եղել Լիբիայի հակամարտող կողմերի առաջնորդները, ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նաև Բրիտանիայի և Իտալիայի վարչապետեր Ջուզեպե Կոնտեն, Բորիս Ջոնսոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրամիության, Աֆրիկյան միության և Արաբական լիգայի բարձրաստիճան պատվիրակները: