Լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել է հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը:
Հաֆթարի գլխավորած զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ գեներալը ողջունում է Լիբիայում կայունության հասնելու հարցով «բարեկամական պետության» նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը, սակայն մտադիր են շարունակել պայքարը «ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գրավել են» լիբիական մայրաքաղաք Տրիպոլին:
Լիբիայում շուրջ 10 տարի է` նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը առաջնորդում է գեներալ Հաֆթարը:
Անցած տարվա ապրիլից կողմերի միջև բախումներն է՛լ ավելի են թեժացել. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար: Ըստ հաղորդումների, ապստամբներին աջակցում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ինչպես նաև Ռուսաստանը:
Այս ամսվա սկզբին Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում որոշեց մեկ տարով զորք ուղարկել ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող աֆրիկյան այդ երկիր՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը սատարելու: