Մատչելիության հղումներ

Անկարան սկսել է զինվորականներ ուղարկել Լիբիա՝ անտեսելով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի զգուշացումները


Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը, Անկարա, 2-ը հունվարի, 2020 թվական
Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը, Անկարա, 2-ը հունվարի, 2020 թվական

Անկարան երեկվանից սկսել է զինվորականներ ուղարկել Լիբիա՝ անտեսելով Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի զգուշացումները, թե այդ քայլը էլ ավելի կխորացնի ճգնաժամը ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող երկրում:

«Մեր նպատակն է ոչ թե պատերազմել, այլ աջակցել օրինական կառավարությանը», - երեկ CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահ Էրդողանը՝ ընդգծելով՝ թուրք զինվորականներն օպերատիվ շտաբ են ձևավորելու, որն առաջնորդելու է թուրքական բանակի գեներալներից մեկը: «Արդյո՞ք թուրք զինվորները մեկնում են Լիբիա որպես մարտական գործողություններին մասնակցող, մարտնչող ուժեր», - հետաքրքրվել են լրագրողները։ Էրդողանն ի պատասխան պնդել է՝ «թուրքական բանակն առայժմ ուղղակի մասնակցություն չի ունենալու, թուրքական ստորաբաժանումներում ներգրավված են լինելու այլ զորամիավորումներ»: Թե ովքեր են մարտնչելու թուրքական դրոշի ներքո, և որ երկրներից, Էրդողանը չի հստակեցրել:

Այս պահին միայն հայտնի է, որ թուրքական միջամտությունը շարունակվելու է 1 տարի, խորհրդարանը, համենայնդեպս, անցած շաբաթավերջի արտահերթ նիստում նման մանդատ էր տվել Էրդողանին: Մինդ այդ՝ ավելի վաղ, Անկարան զրահատեխնիկա էր ուղարկել Լիբիա, ուր շուրջ 10 տարի է` նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:

Անցած տարվա ապրիլից կողմերի միջև բախումներն էլ ավելի են թեժացել. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար: Երեկ միայն օդային հարվածներից կառավարական բանակի առնվազն 30 զինվոր էր զոհվել, 33-ը՝ վիրավորվել: Եվ որքան խորանում է ներքաղաքական ճգնաժամը, այնքան առավել ակնհայտ է դառնում երրորդ ուժերի բախումն ու միջնորդավորված ազդեցությունը: Ինչպես սիրիական ճգնաժամի դեպքում, այստեղ էլ գերտերությունները հակադիր ճամբարների են պաշտպանում՝ սեփական շահերից ելնելով: ՄԱԿ-ը աջակցում է Տրիպոլիի կառավարությանը և արգելում զենք-զինամթերքի մատակարարումը ապստամբներին, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանն ու Եգիպտոսը, մինչդեռ, աջակցում են գեներալ Հաֆթարին: Բացի այդ, բազմաթիվ հաղորդումներ կան, որ ապստամբների կողմից մարտնչում են նաև Կրեմլի հովանու ներքո գործող ոչ պաշտոնական Վագների խմբի զինծառայողները. ականատեսները պնդում են, որ շփման գոտին հենց ռուս դիպուկահարներն են վերահսկում:

Եվ պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը, անդրադառնալով վերջին զարգացումներին այսօր հայտարարել է. - «Վարձկանները չեն կարող խաղաղություն բերել Լիբիա»:

«Մենք համոզված ենք, որ վարձու զինվորները չեն կարող կայունացնել իրավիճակը Լիբիայում, մեր նպատակն է հրադադար հաստատել և նպաստել քաղաքական երկխոսությանը: Լիբիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով», - ասել է նա:

Քննադատելով ապստամբներին աջակցող ուժերին՝ Մևլութ Չավուշօղլուն հստակ անուններ չի նշել: Փորձագետները, սակայն, վստահ են, որ քննադատության ալիքն ուղղված է նախ և առաջ դեպի Մոսկվա, որի հետ ԱՆկարան վերջին շրջանում սերտ համագործակցում է մի շարք հարցերում, Լիբիայի դեպքում, սակայն, դաշնակիցները հայտնվել են հակադիր ճամբարներում: Ակնկալվում է, որ 2 օր անց, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, նախագահ էրդողանի հետ բանակցությունների առանցքում կլինի հենց այս հարցը:

XS
SM
MD
LG