Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ այսօր կմեկնի Լիբիա։
«Վերջին զարգացումները հուշում են, որ տեղում էսկալացիան անխուսափելի է», - այցից առաջ զգուշացրել է Եվրամիության արտգործնախարարը՝ ընդգծելով. - «Այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք կարողանանք հարթել լարվածությունը խաղաղ ճանապարհով»։
Աֆրիկյան այդ երկրում շուրջ 10 տարի է՝ նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ, արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ։ Անցած տարվա ապրիլից ապստամբները թեժ մարտեր են մղում մայրաքաղաքը գրավելու համար։ Օրեր առաջ բախումների զոհ է դարձել կառավարական բանակի առնվազն 30 զինվոր, 33-ը՝ վիրավորվել։
Օր-օրի խորացող ներքաղաքական ճգնաժամին զուգընթաց՝ տեղում առավել պարզորոշ է դառնում արտաքին, երրորդ ուժերի բախումն ու միջնորդավորված ազդեցությունը։ Թուրքիան աջակցում է կառավարական ուժերին և անցած շաբաթավերջից սկսել է սեփական զորքն ուղարկել աֆրիկյան այդ երկիր։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանն ու Եգիպտոսը, մինչդեռ, սատարում են գեներալ Հաֆթարին։
Բացի այդ, ըստ հաղորդումների, ապստամբների շարքերում նաև Կրեմլի հովանու ներքո գործող ոչ պաշտոնական «Վագների խմբի» զինծառայողներ կան։ Ականատեսները պնդում են, որ շփման գոտին հենց ռուս դիպուկահարներն են վերահսկում։
«Մենք դեմ ենք վարձկաններին», - երեկ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը, ընդգծելով՝ նրանք չեն կարող խաղաղություն բերել. - «Մենք համոզված ենք, որ վարձու զինվորները չեն կարող կայունացնել իրավիճակը Լիբիայում։ Մեր նպատակն է հրադադար հաստատել և նպաստել քաղաքական երկխոսությանը։ Լիբիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»։
Կշտամբելով ապստամբներին աջակցող ուժերին՝ Մևլութ Չավուշօղլուն այդպես էլ հստակ անուններ չտվեց։ Փորձագետները, սակայն, պնդում են, որ քննադատության սլաքն ուղղված էր նախ և առաջ դեպի Մոսկվա, որի հետ Անկարան վերջին շրջանում սերտ համագործակցում է մի շարք հարցերում։ Լիբիայի դեպքում, այդուհանդերձ, դաշնակիցները հայտնվել են հակադիր ճամբարներում։
Ստեղծված իրավիճակը քննարկելու համար նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Հաքան Ֆիդանի հետ։ Ակնկալվում է, որ վաղն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա։