Մատչելիության հղումներ

Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին կոչ է արել դադարեցնել հարձակումը մայրաքաղաք Տրիպոլիի վրա, որտեղ տեղակայված է երկրի կառավարությունը:

Նիստն անցկացվել է փակ դռների հետևում, բայց նիստը նախագահող Գերմանիայի ներկայացուցիչն ասել է, թե բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Լիբիայում պետք է դադարեցվեն բռնությունները, իսկ նրանք, ովքեր բռնությունների կդիմեն, կենթարկվեն պատասխանատվության:

Ապրիլի 5-ին, Անվտանգության խորհրդի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բենգազիում հանդիպել է Խալիֆա Հաֆթարին՝ փորձելով բանակցությունների միջոցով կանխել Տրիպոլիի վրա հարձակումն ու խուսափել քաղաքացիական պատերազմի արյունահեղությունից:

«Լիբիան լքում եմ ծանր սրտով ու խորը մտահոգություններով: Ես դեռ հույս ունեմ՝ հնարավոր է խուսափել արյունալի հակամարտությունից Տրիպոլիում և քաղաքի շուրջ», - հանդիպումից հետո Թվիթերում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ, Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները ևս Ֆրանսիայում կայացած հանդիպմանը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եգիպտական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը Լիբիայում պաշտպանում է ազատ և արդար ընտրությունները, այլ ոչ թե խնդրի ռազմական լուծումը:

Լիբիայի արևելքում տեղակայված բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Վերջին տարիներին Խալիֆա Հաֆթարը մի քանի անգամ այցելել է Մոսկվա, հանդիպումներ ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած նրա վերջին այցի ժամանակ, Շոյգուի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Եվգենի Պրիգոժինը, ում անունը կապվում է «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության հետ:

2011-ին Լիբիայի նախկին բռնակալ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև հակասություններ են սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG