Էրդողանը պատրաստվում է դիմել խորհրդարանին՝ Լիբիա զորք ուղարկելու խնդրանքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիա: Առաջիկայում Ռեջեփ Էրդողանը կդիմի խորհրդարանին՝ նման մանդատ ստանալու նպատակով: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Թունիսում՝ այդ երկրի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել և հետևել Լիբիայում շարունակվող բռնություններին։ Նրա փոխանցմամբ՝ պատրաստ են սատարել ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարի դեմ պայքարող Տրիպոլիի օրինական կառավարությանը։

«Եվրոպական և արաբական որոշ երկրներ սատարում են Հաֆթարին, սակայն մենք Լիբիայի օրինական կառավարությանն ենք օգնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:

2011 թվականից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով արդեն 5-րդ տարին է փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ։

Այդ հարցում լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Վերջինը, սակայն, կտրականապես հերքում է իր ռազմական ներկայությունը այդ երկրում, մինչդեռ արևմտյան երկրները պնդում են, որ ռուսաստանյան զինվորականները, այդ թվում՝ վարձկանները, ապակայունացնում են իրավիճակը Լիբիայում: Անցած ամիս Միացյալ Նահանգների պետքարտուղարի մերձավոր արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանը պատկառելի թվով զինվորականներ, այդ թվում՝ վարձկաններ ունի, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում գեներալ Հաֆթարին:

Այսպիսով, ինչպես Սիրիայում՝ Լիբիայում ևս օր-օրի մերձեցող Անկարան ու Մոսկվան կհայտնվեն բարիկադների տարբեր կողմերում:

Այս շաբաթ ռուսաստանցի և թուրք պաշտոնյաները Լիբիայի հարցով բանակցություններ են անցկացրել՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:

Տրիպոլիին աջակցելու Էրդողանի պատրաստակամությունը հաջորդում է Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ համաձայնությանը:

Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, որտեղ սահման ունի նաև Լիբիան, Անկարան Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները արդյունահանելու նպատակով։