Թուրքիան կշարունակի հորատման աշխատանքները Կիպրոսի ափամերձ տարածքում, չնայած Եվրամիության պատժամիջոցներին ու նախազգուշացումներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները:
Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայում, այսօր կայցած մամուլի ասուլիսում ասել է, թե նրանք պետք է հասկանան, որ նման մեթոդներով չեն կարող ստիպել Թուրքիային։
«Մենք նրանց ասել ենք՝ եթե Թուրքիայի դեմ նման որոշումներ եք ընդունում, մենք կակտիվացնենք աշխատանքները: Հիմա այստեղ երեք նավ կա, Աստծո կամոք մենք չորրորդ նավը կուղարկենք որքան հնարավոր է շուտ: Մենք նրանց կհասկացնենք, որ չեն կարող Թուրքիայի հետ գործ ունենալ նման մեթոդներով: Մենք ենք որոշում ինչ անել մեր աշխարհագրական գոտում: Քանի դեռ նրանք չեն երաշխավորել Կիպրոսի թուրքերի իրավունքները, մենք կշարունակենք այդ տարածքում ավելացնել մեր ակտիվությունը», - ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքերով, Եվրամիությունն այդ անօգտակար որոշումն ընդունել է գոհացելու համար Կիպրոսի հույներին:
Նախօրեին Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին՝ դադարեցնելու բարձր մակարդակի հանդիպումները, ներառյալ Եվրամիություն-Թուրքիա ասոցացման երկխոսությունը, սառեցնել անդամակցության ծրագրով Թուրքիային հատկացվող օգնությունը, մասնավորապես, 2020 թվականի համար նախատեսված 145 միլիոն եվրոն, կասեցնել օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագիրը, ինչպես նաև եվրոպական բանկերին առաջարկվել է վերանայել Թուրքիայի պետական սեկտորի ծրագրերին ֆինանսավորելու պայմանները։
Այսօրվա ասուլիսում Չավուշօղլուն ասել է, թե պատժամիջոցներ սահմանելը, ըստ էության, նշանակում է գործին լրջություն հաղորդել, սակայն նա նվազեցրել է դրանց նշանակությունը՝ ասելով, թե պետք չէ այդքան լուրջ ընդունել:
«Դրանք հասարակ բաներ են և մեզ վրա ազդեցություն չեն թողնի», - նշել է Չավուշօղլին։
Բարձր մակարդակի հանդիպումները դադարելու մասին Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե կարևոր չէ քննարկումները տեղի կուենան, թե ոչ:
«Նրանք գիտեն, որ պատժամիջոցները գործնականում հնարավոր չեն, Եվրամիությունը կարիք ունի Անկարայի հետ բանակցությունների փախստականների, ինչպես նաև այլ խնդիրների շուրջ, ուրիշ ճանապարհ չկա», - ասել է նա:
Եվրամիությանը Թուրքիան մեղադրում է Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում անօրինական աշխատանքներ կատարելու մեջ: Անկարան Բրյուսելի մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ միջերկրական ծովում, Կիպրոսի առափնյա հատվածում հորատման աշխատանքները կատարում են, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» թույլտվությամբ ու արտոնագրով: Եվրամիությունը այդ արտոնագիրը չի ճանաչում:
1974 թվականին Թուրքիան ներխուժել էր Հյուիսային Կիպրոս էթնիկ թուրքերի անվտանգությունը ապահովելու պատրվակով ու ինքնահռչակ հանրապետություն է ստեղծել, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան։
Անկարան իր հերթին Բրյուսելին մեղադրում է Կիպրոսի թուրքերի հանդեպ կողմնակալ լինելու մեջ՝ հայտարարելով, որ բնական ռեսուրսների հարցում կիպրոսցի թուրքերը հավասար իրավունքներ ունեն:
Կիպրոսի առափնյա հատվածում նավթի ու գազի պաշարների ուսումնասիրման երկրաբանական հետախուզական կոնկրետ աշխատանքները Թուրքիան սկսել էր անցած մայիսից՝ այնտեղ ուղարկելով հորատման համար նախատեսված մի նավ, իսկ հետո արդեն ռազմանավերի ուղեկցությամբ հորատման ևս երկու նավ է ուղրակել։ Այսօր հայտարարվեց, որ հնարավորինս շուտ չորրորդ նավն են ուղարկելու Կիպրոսի մոտ էներգակիրների պաշարները հայտնաբերելու աշխատանքները ակտիվացնելու համար: