Սաքունցի պնդմամբ, Սուրիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործն ավելի շուտ կարող էր հարուցվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ։ Խաչատրյանն արդեն նախկին իշխանության 5-րդ ներկայացուցիչն է, որին հետախուզում են Հայաստանից հեռանալուց հետո։

Սյունիքում նախկին ազդեցիկ պաշտոնյայի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածներով՝ մարզպետ եղած տարիներին անցել է պաշտոնեական լիազորությունները, օգտագործել պաշտոնեական դիրքն ու անձանց ապօրինի կարգադրություն տալու միջոցով դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք։ Ըստ մեղադրանքի, նրա այս գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

tert.am-ի հետ զրույցում Հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը հայտնել է, թե անօրինականություններ թույլ չի տվել, նշել է, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառն Հայաստան։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ հեղափոխություններից հետո միշտ էլ նման գործընթացներ լինում են, երբ արդեն նախկին իշխանության ներկայացուցիչները բռնում են փախչելու ուղին. - «Այս առումով փոքր-ինչ տարօրինակ է, երբ որ քրեական գործը հարուցում են, որպես մեղադրյալ ներգրավում են, հետո մարդուն հետախուզում են։ Բա ի՞նչ պիտի անեն, հո նախօրոք մարդուն չէի՞ն կարող կալանքի տակ վերցնել կամ արգելել ելքը, երբ ներգրավված չի որպես մեղադրյալ։ Բայց այստեղ մյուս հարցն է, որ քրեական գործը կարող էին ավելի շուտ բացել, բայց ովքե՞ր էին այդ քրեական գործերը հարուցելու»։

Հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով հետախուզվում են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Վերջին երեքը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարցին, թե որ կառույցն է մեղավոր, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տարիներ շարունակ լուրեր էին պտտվում, լքում են Հայաստանը, հետո հայտնվում մեղադրյալի աթոռին, պատասխանեց, որ նախկին իրավապահները, ովքեր հիմա էլ այդ կառույցում են, ժամանակին թերացել են նրանց վերաբերյալ նյութեր նախապատրաստել․ - «Ինչո՞ւ այն մարմինները, որոնք պարտավոր էին իմանալ այն բոլոր տեղեկությունները, որոնք ուներ հասարակ շարքային քաղաքացին, չունեին այն պաշտոնատար անձինք, այն կառույցները, որոնք պարտավոր էին այդ տեղեկությունները հավաքագրել՝ զուտ անվտանգության տեսակետից, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման տեսակետից: Ինչո՞ւ չէին անում դա ժամանակին, և հիմա էլ շարունակում են պաշտոնավարել: Ավելի կոնկրետ ասեմ․ խոսքս քննչական մարմինների մասին է, խոսքս դատախազության մասին է, խոսքս ԱԱԾ-ի մասին է»:

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում 11 տարի Սյունիքը ղեկավարած Խաչատրյանի այս քրեական գործի վրա՝ շեշտելով, որ նրա ունեցվածքի և նրա կասկածելի գործարքների մասին տարիներ շարունակ բոլորը, հատկապես սյունեցիներն են տեղյակ եղել։

Ամենաաղմկահարույց միջադեպը թերևս Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանությունն էր: Այս գործով սպանության կասկածանքով ձերբակալվել էին Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ու թինապահ Զարզանդ Նիկողոյանը։ Սակայն նրանք կարճ ժամանակ էին կալանավորվել։ Քննչական մարմինը հիմնավորել էր, որ Ավետիք Բուդաղյանին սպանելն ու զինվորական եղբորը՝ Արտակ Բուդաղյանին ծանր վիրավորելը ինքնապաշտպանական դրդապատճառներ են ունեցել, մարզպետի որդու և թիկնապահի արարքներում հանցակազմ չկա։ Ինքնապաշտպանության վարկածն էլ ի սկզբանե շրջանառության մեջ էր դրել այն ժամանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանը։ Փոխարենն այս արյունալի միջադեպի համար մեդադրանք էր առաջադրվել սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին՝ սպանության սպառնալիքի համար։ Դատարանը Բուդաղյանին մեղավոր էր ճանաչել՝ տոգանելով նրան։

«Այն, որ Սուրիկ Խաչատրյանը ուներ բազմաթիվ ունեցվածքներ, որը իր աշխատավարձին ոչ համապատասխան էր, դրա մասին գիտեր ամբողջ Հայաստանը: Անգամ զրույցներ կար, որ Մոնումենտի Մայր Հայաստան արձանի տակ կառուցվող տունն էլ է պատկանում իրեն», - ասաց Կարապետյանցը՝ շարունակելով․ - «Ես խորին համոզմունք ունեմ, որ այդ բոլոր մարմինները շարունակում են իրենց սաբոտաժի գործողությունները: Եվ այդ սաբոտաժի արդյունքում մենք ունենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը»:

Ըստ մեղադրանքի, պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2011-2012 թվականներին պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ գյուղին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Գյուղապետն էլ, այս հարցն առանց ավագանուն առաջարկելու և օրենքով օտարելու փոխարեն, մարզպետի դրդմամբ ավելի քան հինգ միլիոն դրամանոց խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Այս դրվագից բացի, ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը, 2016-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանն Ակների գյուղապետին ևս տվել է ապօրինի կարգադրություն։ Ըստ այդմ, տարբեր աղմկահարույց պատմություններով, այդ թվում՝ արյունալի միջադեպով հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյան Ակներ գյուղապետին կարգադրել է գյուղի 0,43 հեկտար մակերեսով հողամասը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր ասած անձին` Աշոտ Գևորգյանին։ Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարն էլ գյուղապետի ցուցումով կեղծ փաստաթղթեր է կազմել՝ իբր 70 հազար դրամով կեղծ աճուրդով այդ հողամասը օտարվել է մարզպետի նշած մարդուն։

Ըստ ՀՔԾ-ի, այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի կարգադրությունները կատարած անձանց՝ Լավրենտիկ Առաքելյանին և Աշոտ Գրիգորյանին: Առաքելյանը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման, իսկ Գրիգորյանը՝ պաշտոնեկանա կեղծիքի դրդման համար։ Նրանք ստորագրություն են տվել չհեռանալու մասին։