Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի ավագ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել


Տիգրան Խաչատրյան, արխիվ
Տիգրան Խաչատրյան, արխիվ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդուն՝ 24-ամյա Տիգրան Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել` կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատվելու համար: Այս մասին հայտարարում է Քննչական կոմիտեն, մանրամասնելով՝ նախնական քննության տվյալներով Տիգրան Խաչատրյանը ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, եթե կծիկը քանդվում է, ապա պետք է մինչև նախկին պաշտպանության նախարար հասնի․ - «Պատասխանատվությունը ընկնում է համապատասխան մարմինների վրա՝ հանձինս բժիշկների, հանձինս զորակոչային հանձնաժողովի և, ըստ էության, նաև պաշտպանության նախարարի: Վերջին հաշվով, դա այն մարդկաց մասին է խոսքը, որոնց վերաբերյալ ինքը շատ ավելի հստակ տեղեկությունների ունի, թե ում երեխաներն են: Եվ, եթե հիշում եք, ժամանակին, որ մշտապես ասում էինք, որ պաշտոնատար անձանց երեխաների զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ տվյալներ ներկայացրեք, իրենք մշտապես ասում էին, թե նման վիճակագրություն կամ ուսումնասիրություն չեն կատարում, և հիմա հասկանալի է, թե ինչու չէին կատարում: Ըստ էության, խոսքը գնում է նաև հանցագործության մասին իմանալու և չկանխելու վերաբերյալ»:

Տիգրան Խաչատրյանի փաստաբանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, Սուրիկ Խաչատրյանի ու նրա կնոջ հեռախոսահամարներն առհասարակ անհասնելի էին:

Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տիգրան Խաչատրյանի անունը կապվում էր տարիներ առաջ «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի ու Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնության հետ: Իսկ հենց իրենց տան բակում տեղի ունեցած կրակոցների գործով անցնող Տիգրանը կալանավորվելուց հետո ազատ արձակվեց ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, երբ իրավապահները հայտարարեցին, որ նա ինքնապաշտպանվել է: Այս կրակոցների հետևանքով, հիշեցնեմ, սպանվել էր 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքուցնը պնդում է՝ բոլոր այս գործերով հենց ինքը՝ Սյունիքի նախկին մարզպետը պետք է նաև անցներ, ընդգծելով՝ մի ընտանիքի երկու որդուն նույն հիվանդության պատճառով բանակից ազատելը պատահականություն չէ, այստեղ էլ հոր մատը կարող է խառը լինել:

Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն առհասարակ հայտնի է բազմաթիվ աղմկահարույց պատմություններով: Նրա կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, նույնպես բանակից ազատվել էր կեղծ փաստաթղթերով՝ նույն «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ: Տրդատին նույնպես մեղադրանք է առաջադրվել ու նա վերջերս մայրաքաղաքի հոգեբուժարաններից մեկում ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն էր անցնում: Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ այս գործով դեռ նորություն չկա: Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո Սյունիքի նախկին մարզպետի կրտսեր որդին փաստաբանի միջոցով նամակ էր ուղղել ՊՆ նախարարին ու նշել, որ պատրաստ է, թեկուզ հիվանդ, բայց ծառայել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG