Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց


Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

«Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և աչքի տեսողությունից զրկելու մեղադրանքով կալանավորված Տիգրան Խաչատրյանը այսօր ազատ արձակվեց։

Սյունիքի մարզպետի որդին կալանավայրում մնաց ընդամենը երկու ամիս։ Գլխավոր դատախազությունն այսօր բավարարեց 20-ամյա երիտասարդի կալանքը վերացնելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Քննիչը հիմնավորել էր, որ չի հաստատվել Տիգրան Խաչատրյանի կողմից Հարություն Զաքարյանին ծանր վնասվածք պատճառելու հանգամանքը։ Ծեծկռտուքի մասնակիցներից Յուրի Մանուչարյանը խոստովանել է, որ ինքն է խփել Հարությունի աչքին, դա հաստատել են մի քանի վկաներ։ Հարությունն էլ, ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, Յուրի Մանուչարյանի հետ առերեսման ժամանակ ընդունել է, որ իր աչքին հարվածել է ոչ թե Տիգրանը, այլ Յուրին։ Ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը որոշել է, որ Տիգրան Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու անհրաժեշտությունը վերացել է։

Մարզպետի որդին հուլիսի վերջին կալանավորվել էր հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքի հիման վրա։ Այսօր նրա հայրը՝ Գագիկ Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում որևէ խնդիր չէր տեսնում Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու մեջ։

«Եթե քննությունը, փորձագիտական եզրակացությունները, վկաները ինքնախոստովանում են, ու Քննչական կոմիտեն ընդունում է, որ դա ճիշտ է, ինձ անհանգստացնող բան չկա։ Ամեն մեկը թող գնա, իր համար պատասխան տա։ Տիգրան Խաչատրյանը հրահրելու, կռիվը կազմակերպելու համար է, ինչի համար է, թե ինչ հոդվածով է դատվելու, թող դատվի։ Ինձ պետք է եղել իմանամ կոնկրետ իմ տղայի աչքին հարվածողը ով է եղել, որովհետև ամենածանր հարվածը դա է եղել»,- ասաց հայրը։

«Կռվի ժամանակ շատ են խփողները եղել»,- մանրամասնեց Գագիկ Զաքարյանը.- «Մարմնի բոլոր մասերում էլ հետք է եղել։ Ինքը տեսել է բոլորին, ինքը չի հրաժարվում, ցուցմունք չի փոխում, ասում է, որ եղել է [ծեծը], պնդում է իր ասածը, բայց եթե քննությունը պարզում է, և վկան խոստովանում է, իմ տղային ի՞նչ է մնում անել։ Վստահել ենք նախաքննությանը, ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել։ Սկզբից էլ վստահ եմ եղել նախաքննության անաչառությանը»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ մարզպետը կարող էր միջամտել նախաքննությանը գոնե իր որդու համար, տուժողի հայրը պատասխանեց.- «Ո՞նց կարար միջամտեր, հինգ հոգի իր ընտանիքից դատվում է, ի՞նչ միջամտի, տղան էլ է դատվում, խի տղան չի դատվելո՞ւ։ Թող ազատեն կալանքից, եթե օրենքը թույլատրում է, թող ազատեն, բայց դա չի նշանակում, որ նա պատասխանատվությունից հրաժարվելու է։ Ես վստահում եմ, ազնվությամբ վստահում եմ։ Նենց պահեր չկան, որ կարող են Զաքարյաններին կաշառեն, Զաքարյաններին կարող են վախեցնել։ Դա բացառված բան է։ Իրենք պիտի վախենան մեզնից, մենք վախենալու բան չունենք։ Վախեցող լինեի, էդքան չէի պայքարի։ Սյունիքի մարզում մինչև հիմա տասնյակ հազարավոր դեպքեր են եղել։ Թող մեկը մինչև վերջ գնար։ Գնացողը մենակ ե՛ս եմ եղել»։

Հարցին էլ, թե իրենց համոզելո՞ւ փորձեր եղել են, տուժողի հայրն ասաց՝ շատ են եղել.- «Մոսկվա են եկել, հասել, բժիշկ պրոֆեսորների մոտ են գնացել, ուզեցել են փոխել էնտեղ ինչ-որ եզրակացություններ, շատ դեպքեր են եղել։ Գայթակղիչ առաջարկություններ էլ են եղել մարդկանց միջոցով։ Անցած էտապ է։ Դուք էլ իմացեք, որ ոչ մի բանով չեն կարող ինձ գայթակղել»։

Տիգրան Խաչատրյանը վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ է ազատվում բանտից։ 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով նա կալանավայրում մնաց ընդամենը երեք ամիս։ Քննչական մարմինը հիմնավորեց, որ Ավետիքին սպանելն ու եղբորը՝ Արտակ Բուդաղյանին ծանր վիրավորելը ինքնապաշտպանական դրդապատճառներ են ունեցել, մարզպետի որդու և թիկնապահի արարքներում հանցակազմ չկա։ Ինքնապաշտպանության վարկածն էլ ի սկզբանե շրջանառության մեջ էր դրել այն ժամանակ զինդատախազ, այժմ՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Սյունիքի մարզպետի ընտանիքի սպանությունների, հանցագործությունների դեպքում բոլոր լուծումները գտնվում են»,- «Ազատության հետ զրույցում նշեց Ժաննա Ալեքսանյանը,- «Արդեն երկու ամիս է ամբողջ հայաստանյան իրավապահ համակարգը հնարքներ է մտածում ինչպես ազատել Տիգրան Խաչատրյանին։ Փաստորեն գտան ձև»։

«Ակնհայտ է մի բան, որ հերթական անգամ Լիսկան և իր բանդայի ակնառու ներկայացուցիչը՝ իր տղան ուղղակի հովանավորվում են Հայաստանի Հանրապետության այսպես կոչված՝ իրավապահ մարմինների կողմից»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը.- «Եվ դրա անմիջական և ուղղակի պատասխանատվությունը կրում է Լիսկայի ընտանիքի «անձնական փաստաբան», ներկայում որպես գլխավոր դատախազ հանդես եկող Գևորգ Կոստանյանը, որին գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է մյուս պարագլուխը՝ Սերժ Սարգսյանը։ Սա աղաղակող անարդարություն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու դեմ, որով, ըստ էության, ամբողջությամբ ոչնչացվում է առանց այն էլ խիստ ցածր մակարդակի վրա գտնվող հանրային վստահությունը Հայաստանի իրավապահ մարմինների նկատմամբ»։

Ի դեպ, Գևորգ Կոստանյանը Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ մտերմության մասին հարցին ի պատասխան երեկ վստահեցրել է.- «Որևէ մտերիմ, ոչ մտերիմ, թշնամական, բարեկամական կամ, չգիտեմ, ցանկացած այլ դրսևորմամբ հարաբերություններ չունեմ և չեմ էլ ունեցել»։

XS
SM
MD
LG