Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Գորիսում ծեծի վերաբերյալ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
«Փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար: Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին», - նշում է դատախազությունը՝ շարունակելով. - «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից»:
Ըստ հաղորդագրության, մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են Գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Նշենք, որ օրեր առաջ գորիսեցի մի երիտասարդ, ով ներկայացել էր Էդմոն Խաչատրյան անուն ազգանունով, «Ազատության»-ը փոխանցել էր, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն իրեն ծեծի է ենթարկել՝ ոստիկանության աշխատակցուհիներից մեկին հաղորդագրություն ուղարկելու համար։
Էդմոն Խաչատրյանը պնդել էր, թե ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին է: Սեյրան Խաչատրյանն էլ հերքել էր՝ նշելով, որ Էդմոնն իր որդին չէ, նա «խարդախ է» ու «կռվարար»: