Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Այս տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ստացել են ռուս իրավապահներից։ Ոստիկանությունը, սակայն, չի մանրամասնում, թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռուսական կողմը նման որոշում կայացրել․ գրության բովանդակությունն օպերատիվ տվյալներ պարունակող գաղտնիք է։
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հարությունյանը «Մարտի 1»-ի քրեական գործում առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթի՝ թիվ 0038 հրամանն արձակողն է։ Գաղտնազերծված այդ փաստաթղթից հանրությունը տեղեկացավ, որ 2008 թվականի՝ 10 քաղաքացիների մահվամբ ավարտված մարտյան իրադարձությունների ժամանակ բանակը բերվել է զորանոցային վիճակի, ստեղծվել են հատուկ ջոկատներ, որոնք զինվել են տաբելային զենքերով։
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, որն առիթ է ունեցել անձամբ հարցաքննելու Հարությունյանին, պնդում է՝ առանց պաշտպանության նախկին նախարարի, գործի բացահայտումն ամբողջական չի լինի։ «Այն ինչ Հարությունյանն ասել է փաստահավաք խմբին, դրա շատ ավելի ծավալուն բացատրություններն ինքը կտար նախաքննական մարմնին:
Եվ եթե Ռոբերտ Քոչարյանն իր առաջին հեռուստահաղորդման ժամանակ ասում էր, որ ինքը կապ չունի 0038 հրամանի հետ, ինքը չի հրահանգել դա, երևի վստահ էր, որ Միքայել Հարությունյանը, այնուամենայնիվ, չի հայտնվի նախաքննական մարմնի տիրույթում, չի պատասխանի հարցերին: Ես տպավորություն եմ ստանում, որ ավելի է կարևորվում Միքայել Հարությունյանին Հայաստան բերելը և հարցաքննելը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
2008 թ․ մարտի 1-ի գործի շրջանակում գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց այս տարվա հուլիսի 3-ին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումն ու հայտարարվեց հետախուզում։ Մեղադրանքի առաջադրումից հետո Հարությունյանի կինը, «Հայակական ժամանակի» հետ զրույցում, նշել էր, որ իր ամուսինը բուժման նպատակով է մեկնել Մոսկվա։
Միքայել Հարությունյանն, այսպիսով, կարող է ազատորեն բնակվել ու տեղաշարժվել ՌԴ տարածքում, սակայն նրա նկատմամբ հետախուզումը չի դադարել։ Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության, Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մինչդեռ, նախորդ ամիս հայտարարել էր, որ Հարությունյանը միայն Հայաստանի քաղաքացի է։