Մատչելիության հղումներ

Փաստաբանները թատերական խաղ են համարում Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի դատաքննությունը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը, մեղադրյալներից երկուսի պաշտպաններին թատերական խաղ է հիշեցնում:

Սպանության փորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբաններից Վահան Հովհաննիսյանն արդեն երկու նիստ է բոյկոտել, պնդում է՝ կալանքը խափանման այլ միջոցով փոխելու իրենց բոլոր միջնորդությունները մերժվել են առանց հիմնավորման:

«Դատարանը բավարարվում էր ընդամենը ներկայացված միջնորդությամբ՝ առանց դրա մեջ խորանալու: Շատ է եղել, որ դատավորը խորհրդակցական սենյակում գտնվել է ընդամենը 2-3 րոպե: Ես չեմ կարծում, որ նմանատիպ հնչեղություն ունեցող գործով և նմանատիպ փաստերի ճնշման ներքո դատավորը ընդամենը 2 կամ 3 րոպեում խորհրդակցական սենյակում ոչ միայն կարող է հանգել որոշման, այլև արդեն իսկ ունենալ պատրաստ որոշումը կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ», - ասում է փաստաբանը:

Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը ձերբակալման առաջին իսկ օրից վատառողջ է, առողջական խնդիրները հիմա բարդացել են՝ ձեռնափայտով է քայլում:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելովփաստաբանների գնահատականներին, թե դատն ու դեպքը թատերախաղ են հիշեցնում, ասաց՝ նրանց գործն էլ խոսելն է․ - «Ես ի՞նչ գիտեմ փաստաբանն ո՞վ է, ի՞նչ է: Փողը վերցրել ա՝ խոսում ա, էլի: Ես ի՞նչ պետքա ասեմ»:

Այս գործով 4 մեղադրյալներից է նաև Արա Բուդաղյանը, ում ավագ եղբայրը 2 տարի առաջ սպանվել է մարզպետի տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ոչ միայն դատական նիստերն է համարում թատերական խաղ, այլև տարակուսում է՝ ինչպե՞ս մարզպետն իր օգնականի ուվարորդի հետ չտուժեցին մեքենայի դիմապակուն ուղղված կրակահերթից․ - «Մի ահագին կրակոցներ են եղել ավտոմեքենայի դիմապակու վրա, և այդ պայմաններում ոչ ոք ավտոմեքենայի մեջ բարեբախտաբար չի տուժել: Հետո, տարօրինակ ձևով, այդ ամեն ինչը կատարված է հենց այդ ոլորանների բացառիկ հատվածներից մեկում, որտեղ, եթե ավտոմեքենայի վարորդը կորցնի կառավարումը, այդ մեքենան չի ընկնի ձորը: Կարծեք թե հատուկ ընտրված է ամենաապահով տեղը: Այնինչ, ով որ ուզում է մահափորձ կատարել, ինքը հակառակ տրամաբանությամբ է մտածում սովորաբար»:

Մարզպետը պնդեց, թե իր վրա կրակողը ցուցմունքներ է տվել կատարվածի վերաբերյալ, կա տեսագրություն և ամեն ինչ քննությամբ արդեն ապացուցված է․ - «Բերել են նորից փորձաքննության, էդ կրակողը մանրամասն ասել ա, որ ո՞վ ա տարել, ո՞վ ա բերել, իրան ո՞վ ա հանձնարարել: Նկարահանումն էլ կա, էդ խոսակցությունը ամբողջությամբ ձայնագրված ա։ Քննությունը երևի էդ ամեն ինչը արդեն ապացուցել ա ու քննությամբ ամեն ինչ երևում ա»:

Փաստաբանները տարակուսում են՝ քանի դեռ դատաքննությունը չի ավարտվել՝ ինչպե՞ս է՝ Սյունիքի մարզպետը նման գնահատականներ տալիս, ավելին՝ որտեղից նրան նախաքննության գաղտնիք համարվող նյութեր։ Ալումյանը պնդում է՝ պաշտպանվող կողմն ավելի մեծ իրավասություններ ունի գործի նյութերին ծանոթանալու, սակայն նման փաստեր, իրենք դեռ չեն ստացել:

«Ինքը հիմա փաստորեն ծանոթացել է այնպիսի նյութերի, որոնք առայժմ մեզ չեն էլ տրամադրվել: Սա շատ հատկանշական է, սա շատ բանի մասին է խոսում: Ինքը էսօր մեծ հովանավորչությունից է օգտվում և շատ ավելի վստահ է խոսում, որովհետև օրենքի համար անձեռնմխելի մի անձ է, և ոչ միայն ինքը, այլ, ինչպես տեսանք, նաև իր բոլոր մերձավորները», - ասում է Ալումյանը:

Ալումյանին առավել ուշագրավ է թվում մարզպետի պատասխանը, թե ինքը պաշտպանության կարիք չունի․ - «Փորձը մեզ 2013 թվականից մինչև հիմա ցույց է տալիս, որ իրոք ոչ ինքը, ոչ իր ընտանիքը, ոչ իր մերձավորները պաշտպանվելու կարիք երբեք չի ունեցել, անկախ նրանից, թե ինչ են արել»:

XS
SM
MD
LG