Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին երկու նոր մեղադրանք է առաջադրել


«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Քննիչի կողմից այսօր միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

ՀՔԾ խոսնակը հավելեց, որ դատախազության այսօրվա որոշումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին, որի վերաբերյալ տեղեկացվել է նաև հսկող դատախազին։

Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Վերաքննիչ ատյանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

«Էդ մեղադրանքը անհիմն, ապօրինի, շինծու և չգիտեմ, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է այդպես մտածում, Հարությունյանը պատասխանեց. «Տեսնում եմ, որովհետև կարդում եմ։ Ես չգիտե՞մ, ոնց կարա տենց բան լինի»։

Մեկ այլ հարցի՝ տվե՞լ է արդյոք ոստիկականական փորձագետին հանձնարարություն, որ զինված ուժերի հազար պարկուճը փոխարինի ոստիկանական պարկուճներով, պատասխանել էր. - «Իհարկե ոչ։ Քրեական գործի քննության ընթացքում չեն եղել ապացույցներ՝ զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու կամ պարկուճներ հայտնաբերելու և այլն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG