Վարչապետն է հարցրել, թե որ պաշտոնում եմ ինձ տեսնում. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում կրկին պնդեց, որ իր դեմ գործ է «կարվել»՝ նկատի ունենալով հեմոդիալիզի գործը:

Սանասարյանը վերստին պնդեց, որ այդ ամենում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) այժմ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործոնը կա: Վանեցյանը դեռ իր պաշտոնավարման ընթացքում ասել էր, որ կան հիմնավոր ապացույցներ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, իսկ Արսեն Թորոսյանն էլ պնդել էր, թե ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, այլ իրեն հայտնի փաստերը հայտնել է իրավապահներին:

Սանասարյանն ասաց, որ ԱԱԾ-ի գործը սխալ հիմքով է հարուցված, իսկ Թորոսյանի պնդումներին կարճ արձագանքեց․ - «Ստում է, ինքը իմ դեմ ցուցմունք է տվել: Ես սպասում եմ, որ դատարանում առերեսվենք, ու դատարանում ես շատ, նենց հարցեր ունեմ, որ Թորոսյանի ասածների մեջ հակասություններ կա, Թորոսյանը չի կարողանալու պատասխանել»:

Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում Դավիթ Սանասարյանն ասաց, որ անցած տարվա հեղափոխությունից հետո վարչապետն է իրեն հարցրել, թե որ ոլորտում է իրեն տեսնում, ինքն էլ առանձնացրել է երեք ոլորտ, այդ թվում նաև՝ Պետական վերահսկողական ծառայությունը․ - «Վարչապետը ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես երեք տեղ եմ ասել, երևի հրապարակային էսքան ժամանակ չեմ ասել, հիմա երևի էդ մասին ասեմ, որևիցե գաղտնիք պարունակող բան չէ, ես ասել եմ՝ ոստիկանապետ, ՊՎԾ պետ և ՊԵԿ [Պետական եկամուտների կոմիտեի] նախագահ: Ոստիկանապետ ես չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կար, և այն երկուսի մեջ ես ընտրություն եմ արել և վարչապետին վերջնական ասել եմ, որ ինձ տեսնում եմ Պետական վերահսկողական ծառայության պետ»:

«Բայց Ձեր փորձը Ձեզ թույլ տալիս է՞ր ՊՎԾ պետ աշխատել», - այս հարցին Սանասարյանը հակադարձեց․ - «Իսկ ո՞ւմ փորձն էր ցույց տալիս: Շարժման ընթացքում, երկրի վարչապետը վարչապետ չէր եղել երբևիցե: Իմ ծավալած գործունեությունը՝ ես օրինականության համար կռիվ եմ տվել, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տվել, շատ մոտ էի»:

Օգտատերերից Լուիզա Խաչատրյանն էլ գրել էր․ - «Ի՞նչ կապ ունեք ռուսական «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի հետ, Ձեզ տեսել եմ իր մեքենան նստելիս, ու շատ հետաքրքրեց»: Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ - «Տեսա, որ ֆեյք էր էդ հարցնողը, ես վստահ չեմ, որ Լուիզա է իր իսկական անունը, բայց, այնուամենայնիվ, այո, ես կապ ունեմ, շատ-շատերի հետ կապ ունեմ, ու շատ-շատ նորմալ մարդկանց հետ հարաբերություն ունեմ, կապ չունի՝ մոսկվայաբնակ է, վաշինգտոնաբնակ է, թե որ: Այո, կա հարաբերություն, որևիցե հանցավոր բան էդտեղ չկա»:

Հարցին էլ՝ «դա դատապարտելի՞ է», նա արձագանքեց․ - «Իհարկե ոչ: Ես որևիցե դատապարտելի, որևիցե մի հանցավոր կապեր չունեմ, որևիցե հանցավորության մեջ հայտնի մարդկանց հետ ես կապեր չունեմ»:


Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․