Մատչելիության հղումներ

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել». Արսեն Թորոսյան


«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել», - այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք ցուցմունք է տվել հեմոդիալիզի գործով անցնող Պետական վերահսկողության ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի դեմ։

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ընդհանրապես ցուցմունք չեն տալիս որևէ մեկի դեմ, կամ կողմ, այլ ընդամենը տալիս են ինֆորմացիա իրենց տեղեկացվածության մասին։ Հազար անգամ նշել եմ, հիմա էլ եմ նշում՝ ցանկացած բան, որ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին», - ասաց Թորոսյանը։

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, նրա լիազորությունները կասեցվել են:

Ավելի վաղ այս գործով կալանավորվել էին ՊՎԾ երկու աշխատակիցներ և հեմոդիալիզի գնումներին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը: Երեքն էլ կալանքից ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG