Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը պնդում է՝ Սանասարյանի գործը ԱԱԾ-ից ՀՔԾ տեղափոխելու համար պետք է հիմքեր լինեն


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) տեղափոխելու համար պետք է հիմքեր լինեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Սանասարյանի փաստաբանն է օրերս դիմել դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն։

«Քննչական մարմինների փոփոխության համար մենք պետք է, այսպես կոչված, բացարկի ինստիտուտի գոյության համար հիմքեր ունենանք։ Երբ կլինեն այդպիսի հիմքեր, ուրեմն կիրացվի, չեն լինի այդպիսի հիմքեր, ուրեմն դա չի իրացվի», - նշեց Դավթյանը։

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանը, ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը էլ հայտարարել էր, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում»։

«Նրա դեմ կեղծ ցուցմունքեր են տրվել, այդ թվում՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները», - «Ազատությանն» ասել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Գործով որպես մեղադրյալներ անցնում են Սանասարյանի երկու անմիջական ենթակաները:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր վստահեցրեց՝ որևէ մեկի նկատմամբ «գործ չի կարվում»։

«Բացառված է որևէ մեկի նկատմամբ գործ կարվի, ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը, չկա այդպիսի բան», - ընդգծեց դատախազը։

Դավիթ Սանասարյանը կարճ խոսեց քրեական գործից՝ հայտարարելով. «Ես նախորդ ռեժիմների դեմ կռիվ եմ տվել, ու երբևիցե իրենց չի հաջողվել իմ մեղավորությունը որևէ գործում ապացուցել։ Ես շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի և պայքարել հանուն ազատ, արդար ու անկախ Հայաստանի»։

Հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորվել էին ծառայության երկու աշխատակիցներ՝ Սանասարյանի ղեկավարած ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանն ստորագրությամբ ազատ է արձակվել: Օրերս էլ դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը։ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ կարձակվի։

Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։

Սամվել Ադյանի եղբայրը՝ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գործը շինծու է։ Հավելեց, որ տարիներ շարունակ «Ֆրեզեն» ընկերությունն է մասնակցել հեմոդիալիզի մրցույթին, իսկ Սանասարյանն ու եղբայրը փորձում էին վերացնել մենաշնորհը։

«Քննություն իրականացնող մարմինը տեսնում է, որ Պետական վերահսկողական ծառայությունը Սամվել Ադյանի, պարոն Սանասարյանի և այլ պաշտոնատար անձանց գլխավորությամբ պայքար է մղել, որպեսզի այդ մոնոպոլ դիրքը վերանա։ Մոնոպոլ սխալ արտահայտություն է, իրականում դա մոնոպոլիա չի, դա այն է, որ պատվիրատուները այնպիսի տեխնիկական բնութագրեր են սահմանել, որ երկրորդը հնարավորություն չունենա մասնակցել», - նշեց Ադյանը։

«Ազատության» հարցին՝ եղբայրը Սանասարյանի դեմ ցուցմունք տվե՞լ է, Դավիթ Ադյանը պատասխանեց՝ տեղյակ չէ։ Նշեց, որ «Զորաշեն» ընկերությունը, որի անունը շրջանառվեց այս քրեական գործում, իրականում չի հաղթել մրցույթում, ինչպես մամուլն էր պնդել:

«Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ առաջարկն ընդունած, պատմության մեջ առաջին անգամ ամեն չափաբաժնով եղել է 4-5 մասնակից և առաջին իսկ մրցույթի դեպքում 30 տոկոս տնտեսում, բայց սա ձեռ չտվեց իրենց, ու իրենք սկսեցին ակտիվ պայքարել», - ընդգծեց Ադյանը։

Մեղադրյալի պաշտոնյա եղբայրը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են բժշկական կենտրոնները տարիներ շարունակ այնպես կազմակերպել մրցույթները, որ մրցակցություն չլինի, և միայն «Ֆրեզեն» ընկերությունն է հնարավորություն ունեցել մշտապես հաղթել:

«Ինչո՞ւ այն կազմակերպությունները և բժշկական կենտրոնները, որոնք տարիներ շարունակ ընթացակարգերը կազմակերպել են այնպես, որպեսզի մրցակցություն չլինի, և դրա հետևանքով մրցույթի միակ մասնակից «Ֆրեզեն» ՍՊԸ-ն հնարավորություն է ունեցել ոչ մրցակցային միջավայրում շատ բարձր գներով իրացնել իր ապրանքները, և նույնիսկ ուսումնասիրությունն արված է՝ ընդհանուր առմամբ, 700 միլիոն դրամի ապրանքը իրացվել է 1 միլիարդ 700 միլիոնով՝ միայն երկու բժշկական կենտրոնների մասով», - ասաց Դավիթ Ադյանը։

Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը փետրվարին հանդես էր եկել ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին հասցեագրած հայտարարությամբ՝ պնդելով, թե «պետական մակարդակով բիզնես են խլում իրենից»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները փոխանցել էր ԱԱԾ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG