Մատչելիության հղումներ

Հեմոդիալիզի պարագաների գնման ոլորտում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել


Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել հեղափոխության առանցքային դեմքերից մեկի՝ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի մատնանշած հեմոդիալիզի պարագաների գնման ոլորտում չարաշահումների դեպքերի առթիվ: Հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։

Ըստ դատախազության՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» և Վանաձորի բժշկական կենտրոններում 2015-ից մինչև 2019-ի սկիզբը հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են օրենքի խախտումներով։

Հեմոդիալիզի գնման ոլորտում ստուգումներից ու հենց ՊՎԾ պաշտոնյաներին կալավորելուց հետո մեղադրանք առաջադրվեց նաև Դավիթ Սանասարյանին: Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Սանասարյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու համար: Սանասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր ղեկավարած կառույցի ուսումնասիրությունները վերաբերում էին հենց հեմոդիալիզի պարագաների գնումների օրինականությանը․ - «Մեր ուսումնասիրության նպատակը եղել է՝ պարզել՝ արդյոք հեմոդիալիզի պարագաները գնումների մասին օրենքի համաձա՞յն են մատակարարվել, օրինակա՞ն է էդ ամեն ինչը: Եվ պարզել ենք, որ օրինական չի»:

Ըստ գլխավոր դատախազության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը» 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոնը» 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել մի ընկերությունից՝ ավելի քան 1.5 միլիարդ դրամով։ Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ և բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից ավելի քան 2 անգամ թանկ գնով: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, և սկսած 2015-ից գնումներին հաղթող է ճանաչվել մեկ ընկերություն։

Երեկ Սանասարյանի գործը քնող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր, որ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չհեռանալու մասին ստորագրություն տված Սանասարյանը այսօր չցանկացավ այս մասին խոսել, նաև չասաց, թե ինչու է ուզում, որ գործը ԱԱԾ-ից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն։ Սանասարյանն ասաց, իր քրեական գործի թեմայով զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: - «Վարչապետը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ էս գործերով որևիցե ձևով խառնվի», - մեկնաբանեց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արման Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատախազության բացահայտումներն իր տնօրինության ժամանակահատվածի հետ կապ չունեն։ Ասաց՝ խոսքը գնում է հենց ՊՎԾ-ի գործողությունների մասին ահազանգած «Ֆրեզեն» ընկերության մասին:

Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը փետրվարին հանդես էր եկել ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին հասցեագրած հայտարարությամբ՝ պնդելով, թե «պետական մակարդակով բիզնես են խլում իրենից»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները փոխանցել էր ԱԱԾ:

ՊՎԾ պաշտոնյաները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, պնդում են՝ օրենքի շրջանակներում մենաշնորհի դեմ են պայքարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG