Մատչելիության հղումներ

Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է. Վանեցյան


ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, արխիվ
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը խնդիր չի տեսնում, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործի վարույթն ԱԱԾ-ից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։

«Երբ որ քրեական գործը հարուցվել է, ի սկզբանե ոչ թե Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա։ Այդ ժամանակ ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում այդ քրեական գործով անցնող անձը։ Այդ իսկ պատճառով գործը գտնվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի վարույթում։ Ես տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վարույթը տեղափոխել ՀՔԾ։ Անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, ես մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը։

Սանասարյանի փաստաբանների պնդումներին, թե «Սանասարյանի վրա գործ է կարվում», Վանեցյանն այսպես արձագանքեց. - «2018-ի ապրիլին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո գործ կարելու, գործ սարքելու դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը»։

Վանեցյանը նշեց՝ մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ «Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործն ուղարկվի դատարան», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանն անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանն, ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը էլ հայտարարել էր, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում»։

Սանասարյանի փաստաբանն օրերս դիմել է դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն։

«Քննչական մարմինների փոփոխության համար մենք պետք է, այսպես կոչված, բացարկի ինստիտուտի գոյության համար հիմքեր ունենանք։ Երբ կլինեն այդպիսի հիմքեր, ուրեմն կիրացվի, չեն լինի այդպիսի հիմքեր, ուրեմն դա չի իրացվի», - ասել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG