Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց վերականգնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց կասեցված լիազորություններով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և նրա գործընկերների գործով առաջին դատական նիստը։

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սանասարյանը դատարանում հայտարարեց՝ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում, նախաքննության ավարտից հետո էլ դրան մասնակից է դարձել նաև դատախազությունը:

Պաշտպանական կողմն առաջին նիստի ընթացքում միանգամից մի քանի միջնորդություն ներկայացրեց: Նախ առաջարկեցին, որ Սանասարյանի գործը քննվի առանձին, ըստ էության, որ դատավարությունը կարճ տևի, այնուհետև դատարանին միջնորդեցին վերականգնել Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում: Երկու միջնորդություններն էլ դատավոր Դավիթ Բալայանը մերժեց:

Ինչ վերաբերում է գործը կիսելուն, դատավորն ասաց՝ դատավարությունը շատ երկար է տևելու:

Նիստի ավարտին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գործը կարճելու պահանջով: Նա պնդեց, որ քրեական այս գործը հարուցած Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն իր կազմավորմամբ հակասում է Սահմանադրությամբ քննչական մարմինների վերաբերյալ հոդվածին:

«Բոլոր քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, ինչի հետևանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման», - ասաց նա:

Դատավորն այս միջնորդության հետ կապված կողմերին կլսի արդեն հաջորդ նիստին՝ նոյեմբերի 27-ին, ինչից հետո կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ իրենց վերջին միջնորդության մասով դատարանը համապատասխան որոշում կկայացնի, և ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում։

Անդրադառնալով իր հանդեպ մեղադրանքի էությանը՝ կասեցված լիազորություններով ՊՎԾ պետն ասաց, թե իրեն քաղաքական դաշտից հեռու պահելու քաղաքականություն է իրականացվում։

Ի դեպ, Սանասարյանն իր վերջին ասուլիսի ընթացքում նաև անուններ էր հնչեցրել: Ըստ նրա՝ գործն ուղղորդվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

XS
SM
MD
LG