Մատչելիության հղումներ

ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը


Դավիթ Սանասարյան, արխիվ
Դավիթ Սանասարյան, արխիվ

Պետական վերահսկողության ծառայություն (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները հեմոդիալիզի պարագաների գնման չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի հարուցումից հետո կասեցվել են, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «ԱԱԾ քննիչը, իրականում վերադասը մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը»։

Սանասարյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը կիսում է իր վստահորդի կարծիքը, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդությունն անհիմն պատճառաբանություններով է մերժել։

«Մենք նախապես նշել էինք, որ կան անձինք, վկաներ, ովքեր կհաստատեն այն հանգամանքը, որ Դավիթ Սանասարյանը ընդհանրապես որևէ տեղեկություն չի ունեցել, որ Ադյանը որևէ առնչություն ունի այդ «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, առկա էր նաև նամակագրություն, որը մենք ներկայացրեցինք նախաքննական մարմին, որից ևս մեկ անգամ միանշանակ պարզ էր դառնում, որ Սանասարյանը չի առնչվում ընդհանրապես իրեն առաջադրված մեղադրանքի հետ, որի հիմքում դրված էր, թե իբրև նա իմացել է և հովանավորել է Ադյանին, չունենալով որևէ նյութական շահագրգռվածություն: Այդ փաստարկները, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը որոշել է, որ այդ ցուցմունքները իրենք արժանահավատ չեն համարում։ Փաստորեն ստացվել է, որ արժանահավատ են համարում միմիայն գործով մեղադրյալ Ադյանի ցուցմունքերը, ով ի սկզբանե նշել է, թե ինքը ինչպիսի մտադրություններով է ընդունվել Պետական վերահսկողական ծառայություն», - ասաց Պետրոսյանը։

Ըստ ԱԱԾ-ի, Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Խոսքը հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին է վերաբերում, դրա շրջանակներում ՊՎԾ-ի երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել: Դավիթ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նրա փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանն այս ամենի իր վարկածն ունի. «Ադյանը գործարքի գնաց և սկսեց ցուցմունքներ տալ պարոն Սանասարյանի դեմ»։

«Ազատության» հարցին, թե ո՞ւմ հետ է գործարքի գնացել, Պետրոսյանը պատասխանեց. «Վարույթն իրականացնող մարմնի, որովհետև ինքը հասկացավ, որ ինքը կատարել է որոշակի ինչ-որ խնդիրներ։ Ինքը սկսեց իր դեմ ցուցմունք տալ և այդ ընթացքում նրանց նկատմամբ փոխվեցին խափանման միջոցները։ Ի վերջո գործը պտտեցին Դավիթ Սանասարյանի դեմ»։

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը վստահ է՝ Սանասարյանի «գլխին գործ է սարքվել»:

«Ինձ համար ակնհայտ է, որ իրականում սարքում են։ Ձեռնտու չէր որոշ մարդկանց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարեր որպես Պետական վերահսկողական ծառայության պետ, որովհետև Դավիթ Սանասարյանը այն ազնվագույն անձանցից էր, որ իրականում հավատացել էր ոնց որ և բոլորս, որ իրոք հեղափոխություն է եղել և պայքար պետք է գնա կոռուպցիայի դեմ։ Դավիթ Սանասարյանը միանշանակ պետք է շատ ոտքեր տրորեր», - նշեց Սանասարյանի պաշտպանը։

Մինչդեռ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս նշել է, որ նոր Հայաստանում որևէ մեկի գլխին գործ չի կարող սարքվել ու նշել էր՝ Սանասարյանի մեղադրանքը հիմնավորված է տարբեր ցուցմունքներով: Այս տարվա մայիսին Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, եթե մեկ դեպք անգամ լինի, որ ԱԱԾ-ն որևէ մեկի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացնի, ապա ինքը պատրաստ է պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջև:

«Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու և այլն, նման դեպքեր չեն եղել։ Այն մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Սանասարյանին այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով», - նշել է Վանեցյանը։

ՊՎԾ նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը Սանասարյանի պնդմամբ, իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, «չի ցանկանում խոսել լրագրողների հետ», «Ազատությանը» փոխանցեց, նրա հորեղբոր որդին՝ ՊՎԾ պաշտոնյա Դավիթ Ադյանը:

Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանն էլ «Ազատությանը» ասաց՝ երբ դեռ նախաքննությունը չէր ավարտվել, Ադյանն իրեն խնդրել էր գործի հետ կապված որևէ տեղեկատվություն լրագրողներին չփոխանցել:

Սանասարյանի փաստաբաններն այսօր դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ չհաստատվի մեղադրական եզրակացությունն ու Սանասարյանի նկատմամբ քերական հետապնումը դադարեցնելու որոշում կայացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG