«Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին հետևելով՝ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է որոշակի փոփոխություններ կատարել ամիսներ շարունակ հանրության մի մասի քննադատությանն արժանացած դատաիրավական ոլորտի օրինագծերում», - «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։
Փոխնախարարը միևնույն ժամանակ շեշտեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ներկայացվող առաջարկը չեն հանի։ Խոսքն այն մասին է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում Բարձր դատարանի դատավորներին առաջարկվում է ժամանակից շուտ դատավորի պաշտոնը թողնելուց հետո պահպանել աշխատավարձը, շարունակել ստանալ հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։
«Ինչ վերաբերում է դատավորների կենսաթոշակի հետ կապված դրույթը հանելու, ես չեմ կարծում, որ մենք կհրաժարվենք այդ դրույթից: Սակայն որոշակի փոփոխություններ կանենք դրանում՝ հանձնաժողովի բարձրացրած մտահոգությունները փարատելու համար: Մենք որոշակի փոփոխություններ անելու ենք նախագծում՝ հաշվի առնելով նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները, ինչը բնական գործընթաց է: Եվ որևէ կարծիք խնդրելու նպատակը հենց դա է, և ոչ թե քեզ գովեն և ասեն՝ այ, դու գերազանցիկ ես, այլ նրա համար, որ ստանաս լավ առաջարկություններ՝ ավելի լավ օրենսդրություն ձևավորելու համար», - ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ խրախուսական գնահատական է տալիս իրենց աշխատանքին։
Հանձնաժողովի եզրակացությունում նշվում է, որ
Հայաստանում դատական բարեփոխումների փաթեթում ընդգրկված առաջարկների գերակշիռ մեծամասնությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ առանց սպառնալու դատական իշխանության անկախությանը։
Սակայն, ինչպես ասված է Եվրախորհրդի մամուլի քարտուղարի հրապարակած հաղորդագրությունում, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ պաշտոնաթողության առաջարկը օրինագծում կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե այդ պաշտոնաթողությունը լինի խիստ կամավոր սկզբունքով և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը:
Վենետիկի հանձնաժողովն առաջարկվող բարեփոխումների մեջ առանձնացնում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ պաշտոնաթողության մեխանիզմը՝ ընդգծելով, որ կարևոր է պահպանել դատական համակարգի կայունությունը, և «անընդունելի է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ նոր կառավարություն է գալիս իշխանության»:
«Այդուհանդերձ, այնքանով, որքանով պաշտոնաթողությունը մնում է իրապես կամավոր և չի խոչընդոտում Դատարանի արդյունավետ գործունեությանը, առաջարկվող սխեման միջազգային չափանիշների տեսակետից առարկելի չէ», - հաղորդագրության համաձայն, եզրակացրել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:
Անդրադառնալով այս ձևակերպումներին՝ փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը շեշտում է, որ Վենետիկի հանձնաժողովը վերահաստատում է իր չափանիշները, որոնք դատաիրավական համակարգի փոփոխության հեղինակ Արդարադատության նախարարությունը չի խախտել․ - «Վերահաստատում է իր ստանդարտը: Ասում է՝ եթե դա պարտադիր չէ, այդ սխեման վաղ կենսաթոշակի պարտադիր չէ, եթե դա չի ազդում մեծ թվով դատավորների վրա, և եթե դա չի ենթադրում դատարանի արդյունավետ գործունեության համար խոչընդոտ, ապա «Վենետիկի հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի՝ ասելու համար, որ այդ մոտեցումը ընդունելի չէ»: Վերադառնալով մեր իրավիճակին, ի՞նչ է ասում մեր նախագիծը: Այն, ինչպես տեսնում ենք, կամավորության սկզբունք է ամրագրում, չի ազդում մեծ թվով դատավորների վրա, սակայն դատարանի արդյունավետ գործունեության ապահովման տեսակետից, և Վենետիկը սրան ուշադրություն է ցույց տալիս և առաջարկություն է անում, ասում է՝ քանի որ հնարավոր է օբյեկտիվորեն, որ քո երկրում միաժամանակ այնքան թվով դատավորներ գնան վաղ կենսաթոշակի, որ դատարանդ սկսի չգործել, գնա քո նախագծում հասցեագրի այդ հնարավոր ռիսկը, ինչը որ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է անել»:
Ամիսներ առաջ որպես վեթինգ իրականացնելու տարբերակ մշակված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։
Ըստ Սահմանադրության, Բարձր դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը: Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին հնարավորություն է տալիս անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։
Արդարադատության նախարարության այս նախագիծը կոշտ քննադատության էր արժանացել հանրության շրջանում։ Շատ իրավաբաններ պնդում էին, որ սրանով փորձում են կաշառել Բարձր դատարանի անցանկալի դատավորներին և ազատվել նրանցից։