Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր:
Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան»-ը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու․ ինչպես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր ասել, Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմնավորումները թույլ են:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որոշումը ստանալուց և վարույթ ընդունելուց 30 օրվա ընթացքում Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի, այդ ժամկետը կարող է երկարացվել ևս մինչև 50 օրով:
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպիսի որոշում էլ կայացնի Սահմանադրական դատարանը, իշխող խմբակցությունը կընդունի՞, քվեարկությանը մասնակցած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ այո:
«Եվ հիմա մենք կասկած ենք հայտնում, ըստ էության, այս որոշմամբ, թող ՍԴ-ն որոշի՝ դա այդպես է՞, թե՞ չէ: Իսկ ո՞վ է ասում, որ պիտի չընդունենք», - հայտարարեց խորհրդարանի խոսնակը:
«Ազատության» հարցին, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդունել իրենց որոշումը և չդադարեցնի Հրայր Թովմասյանի լիազորությունները, Միրզոյանն արձագանքեց, թե քայլերը շատ են: «Դե ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք՝ հիմա պրոցեսը ինչ պիտի լինի: Մենք ընդհանրապես որևէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որևէ քայլ ցանկացած հարցի պարագայում», - վստահեցրեց ԱԺ նախագահը:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Հետևաբար՝ Հրայր Թովմասյանը իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են դատարանի առնվազն 6 դատավորների կողմ ձայները: Դատարանը ունի 9 անդամ, ներառյալ՝ Հրայր Թովմասյանը:
Թովմասյանը, ի դեպ, խորհրդարանում իր հարցի քննարկմանը երեկ չմասնակցեց: Նա պարզաբանել էր, թե այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական և սուբյեկտիվ գործընթաց է:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ խորհրդարան չգալու և իր հարցով քննարկմանը չմասնակցելու որոշմանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ Ազգային ժողովը նրան պատշաճ կարգով հրավիրել է երեկվա նիստին:
Ի դեպ, խորհրդարանի խոսնակն ուշագրավ համարեց, որ ՍԴ նախագահը նիստին չմասնակցելու համար ներողություն է խնդրում միայն ԲՀԿ-ից, շեշտելով՝ դա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի մյուս քաղաքական ուժերի՝ «Իմ քայլ»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ:
ԱԺ նախագահն անթույլատրելի համարեց նաև Հրայր Թովմասյանի՝ հարցազրույցում արած այն համեմատությունը, թե Սահմանադրական դատարանի նախագահությունը իր համար սահմանագիծ է, ինչպիսին հայ-ադրբեջանական սահմանը: «Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը հայն էր, և էս նախաձեռնության հեղինակները՝ ադրբեջանցիները՞: Սա ընդհանրապես մի հատ ուրիշ քննարկելու թեմա է», - շեշտեց Արարատ Միրզոյանը:
«Ինչ վերաբերում է չեզոքացնելուն՝ սա էական հարց է, էլի, էս մեղադրանքը անընդհատ հնչում է, ուրեմն՝ որևէ մտադրություն չունի և երբեք չի ունեցել էսպես կոչված անցանկալի, ենթադրյալ, իր համար, անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից», - հավելեց խորհրդարանի խոսնակը:
Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հրայր Թովմասյանը բաց է թողել շանսը՝ գլխավորելու անաչառ և օբյեկտիվ դատական համակարգը, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ըստ Միրզոյանի՝ նա վերջին շրջանում գործել է այլ շարժառիթներով՝ պաշտպանելով կոնկրետ քաղաքական ուժի, տվյալ դեպքում՝ Հանրապետականի շահերը:
«Հրայր Թովմասյանը ունի շատ նեղ քաղաքական, կուսակցական, այո, այո, այո, այո [նկատի ունի՝ Հանրապետականը], մոտիվացիա՝ իր գործը․․․ այսինքն՝ այո, նա արդար դատական համակարգի տեսանկյունից չի հանդես գալիս և չի պաշտպանում այդ համակարգի շահերը», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ շարունակելով․ - «Եվ էդ փաստերը՝ տարբեր դրվագներ, ներկայացված են, դուք խնդրում եմ ուսումնասիրեք էս Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ էդտեղ մի քանի դրվագներ արդեն իսկ նշված են»:
Հավելենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ: Միրզոյանը որոշումը ստորագրել է, այն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան: