Մատչելիության հղումներ

«Տեխնիկական փոփոխություն կլինի, գաղափարից չենք հրաժարվի»․ Բադասյանը՝ քննադատված նախագծի մասին


Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ

Թեժ քննարկումների առարկա դարձած Սահմանադրական դատարանի (ՍԴ) մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ժամկետն ավարտվեց: Այն կառավարության հաստատմանը կներկայացվի, որից հետո կուղարկվի խորհրդարան:

Մասնավորապես դժգոհության ալիք բարձրացավ նախագծի եզրափակիչ և անցումային դրույթի վերաբերյալ, որով Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Օգոստոսի սկզբից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխությունների այս նախագծին ուղղված քննադատությունների պակաս չեղավ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջարկներ ստացել են, փոփոխություներ կլինեն, բայց հիմնականում տեխնիկական բնույթի:

«Նախագծում, այո, փոփոխություններ լինելու են ստացված առաջարկների հիման վրա, վերախմբագրված տարբերակն ուղարկելու ենք կառավարությանը, որ սահմանված կարգով, սահմանված ընթացակարգով քննարկվի։ Փոփոխություն կարող է լինել ավելի շատ տեխնիկական բնույթի կամ հստակեցման, բայց ոչ գաղափարից հրաժարվելու մասով», - նշեց Բադասյանը։

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը ճգնաժամային գնահատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էլ, որպես իրավիճակի լուծում իր հայտնի նամակում առաջարկել էր այս տարբերակը: Արդարադատության նախարարությունը շրջանառեց նախագիծը օգոստոսի սկզբից: Ըստ այդ դրույթի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակի աշխատավարձ, հավելավճար ստանալ։ Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի անդամներից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, ավելին, Ալվինա Գյուլումյանն «Ազատության» հետ զրույցում երկու շաբաթ առաջ հայտարարել էր, թե այդ առաջարկը բարոյական չի համարում և չի պատրաստվում հրաժարական տալ ու չաշխատելով հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ:

«Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ անելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն, դա ես բարոյական չեմ համարում», - ասաց Գյուլումյանը։

Ազգային ժողովից նախագիծը կոշտ քննադատել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Թեև արդարադատության նախարարությունից պարզաբանել էին, որ վաղաժամկետ կենսաթոշակային համակարգը եվրոպական մի շարք երկրներում գործել է և աշխարհում ընդունված է, սակայն «Լուսավոր»-ում դիրքորոշումը չեն փոխել, այսօր էլ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանն ասաց՝ ՍԴ անդամներից ազատվելու նախագիծը պետբյուջեից մոտ 1 միլիարդ դրամ է կազմելու, որն անիմաստ ծախս է և եթե այս տեսքով խորհրդարան գա նախագիծը, դեմ կքվեարկեն:

«Իհարկե սա անիմաստ ծախս է, ինչո՞ւ, որովհետև ընդամենը քաղաքական իշխանությանը հաճելի մի քանի դատավոր ունենալու համար հասարակությանը ծանրաբեռնում են մեկ միլիարդ դրամով։ Ի՞նչ նպատակ ենք հետապնդում, բոլորիս արդեն հայտնի է, որ դատաիրավական բարեփոխումների նպատակ չենք հետապնդում, այլ ընդամենը մի քանի անձանց հեռացնելու նպատակ ենք հետապնդում», - ասաց Սիմոնյանը։

Վաղ կենսաթոշակային համակարգին ընդդիմացողների այս հիմնավորումները զարմացնում են արդարադատության նախարարին։

«Հարկատուների հաշվին անձինք ստանում են կենսաթոշակ, հարկատուների հաշվին անձինք ստանում են աշխատավարձ և դա նորմալ է, որ հարկատուների հաշվին են ստանում, որևէ խոսք չի կարող գնալ, որ չաշխատեն և դրա դիմաց ստանան աշխատավարձ, բայց կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում կենսաթոշակ ստանալը և առանձին դեպքում բարձր կենսաթոշակ ստանալը որևէ կերպ, կարծում եմ, բացասական երևույթ չի», - ընդգծեց Բադասյանը։

Պատգամավոր Սիմոնյանի կարծիքով՝ օրենսդրական այս նախաձեռնությունը մի քանի անձի է վերաբերում և համակարգային բարեփոխումներից չի բխում:

«Անձերով պայմանավորված օրենսդրական փոփոխություններն ու ընդհանրապես քաղաքականության կառուցումը ի վերջո վնաս է տալիս հենց այդ նույն պետականությանը։ Երբ որ ներկայացնեն վերջնական տեքստը, մենք այդ տեքստը կնայենք, կքննարկենք, եթե համապատասխանի մեր դիրքորոշումներին մինչև այս արտահայտած, ապա կողմ կքվեարկենք, եթե էլի մենք գտնենք, որ անձերով պայմանավորված որոշումներ են ընդունում և անհարկի ծանրաբեռնում են հարկատուների գրպանները, բնականաբար, մենք դեմ կքվեարկենք», - նշեց պատգամավորը։

Դատական օրենսգրքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի սեպտեմբերին: Չնայած նախարարի պնդումներին, թե իրենց գաղափարից չեն հրաժարվելու, ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը հույս ունի, որ Ազգային ժողովի քննարկումներում քննադատված դրույթը կփոփոխվի։

XS
SM
MD
LG