Մատչելիության հղումներ

Դատավորներին վեթինգի ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է


Դատավորներին վեթինգի ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է։ Արդարադատության նախարարությունն այն ներկայացրել է հանրային քննարկման։ Հատկանշական է այն հագնամանքը, որ օրենքի նախագծում «վեթինգ» եզրը չի հիշատակվում, դրա փոխարեն խոսվում է դատավորների բարեվարքության գնահատման մասին։ Արդարադատության նախարարության օրենսդրության մշակման բաժնի պետ Գոհար Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դատավորների բարեվարքության գնահատումն ու վեթինգը համարժեք են։

«Տարբեր երկրներում վեթինգի տարբեր նախագծեր են գործել, և մենք փորձել ենք ներդնել այն, որը որ կարծում ենք, որ այս պահին պետության համար ամենաողջամիտ, ամենանպատակահարմար և արդյունավետը կլինի, որովհետև պետք է նկատի ունենալ, որ նաև այս գործընթացը չպետք է վնասի դատարանների անկախությանը, բնականաբար, պարտադիր, որովհետև մեր նպատակը հենց դատարանների անկախությունը ամրապնդելն է», - պատասխանեց Հակոբյանը։

Գոհար Հակոբյանն ասում է՝ նախարարությունն ընտրել է վեթինգի՝ Հայաստանին նպատակահարմար տարբերակը։ Այն, ըստ նախարարության ներկայացուցչի, ի տարբերություն մի շարք երկրներում կիրառված տարբերակի, ավելի մեղմ մոտեցում է ենթադրում։

«Ամբողջ աշխարհում միասնական, մեկ կերպով իրականացվող գործընթաց չէ, ամեն երկիր ինքն է ընտրում, թե իր համար, որ մոդելն է նպատակահարմար։ Մենք ընտրել ենք բարեվարքության գնահատման այս մոդելը, որը ծայրահեղական չէ», - ընդգծեց Հակոբյանը։

Նոր նախագծի համաձայն՝ դատավորների վեթինգով զբաղվելու է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Օրինագծում շեշտվում է, որ նոր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորման համար։ Վեթինգն, ըստ նախարարության, ժամանակավոր բնույթ չի ունենալու։

Բացի այս օրինագծի փաթեթից նախարարությունը ևս մեկն է մշակում, որով դատավորների հայտարարագրերի ձևն է որոշվելու։ Դրա համաձայն դատավորները ստիպված են լինելու նոր հայտարարագրեր ներկայացնել. ոչ միայն ընտանիքի անդամների հայտարարագրերն անհրաժեշտ կլինեն, այլև հարազատներինը։

Արդարադատության նախարարության օրենսդրության մշակման բաժնի պետը նշեց. «Ներմուծվելու է իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, որ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելով որոշակի կասկածներ ունենա, կարողանա նաև հանրային ծառայողի հետ, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ կապված մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանցից ևս պահանջել և ստանալ հայտարարագրեր և դրանք նույնպես ստուգել։ Սա շատ կարևոր նորամուծություն է գործիքակազմի ընդլայնման տեսանկյունից։ Էս բոլոր ստուգումները իրականացնելուց հետո, եթե հանձնաժողովը եկավ հետևության, որ իսկապես կասկածներ կան գույքի օրինականության հետ կապված արդեն կարող է դիմել ԲԴԽ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար», - ասաց Գոհար Հակոբյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Արդարադատության նախարարությունից օրենքի նախագծի այլ բովանդակություն էր սպասում։ Ասում է՝ սա այն չէր, ինչին ամիսներ շարունակ սպասում էր նաև հանրությունը։ Իրավապաշտպանը համոզված է՝ հայաստանյան դատական համակարգն անհրաժեշտություն ունի ավելի խիստ զտում անցնելու, քան առաջարկվում է օրենքի նախագծով։

«Ես համոզված եմ ուղղակի, որ գնացել են զիջումների։ Չեմ կարող ասել ինչն էր պատճառը հետ կանգնելու շատ ավելի խիստ վեթինգ, իրական վեթինգ անցկացնելու և համաչափ վեթինգ անցկացնելու, որովհետև այն իրավիճակը, որ տիրել է Հայաստանում տասնամյակներ դատական համակարգում, էս տիպի զիջումի գնալը ինձ համար հասկանալի չի։ Ես կարող եմ հասկանալ, որ զիջել են դատական համակարգին, որովհետև այդ ամբողջ սիստեմը, այդ ամբողջ համակարգից վեթինգի են ենթարկվելու փստորեն դատավորները», - ընդգծեց իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցը վիճահարույց է համարում այն հանգամանքը, որ դատավորների բարեվարքության գնահատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն է զբաղվելու ներկայիս կազմով։

«Սկզբունքորեն դեմ չեմ, որ դա լինի, օրինակ, ԲԴԽ-ն, բայց սկզբունքորեն դեմ եմ, որ էս կազմով լինի, որովհետև անգամ նոր անդամների հետ կապված ես ունեմ մեծ վերապահումներ, որովհետև ինձ համար, օրինակ, նախկին արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ժամանակին եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, վստահաբար իմացել է կամ պիտի իմանար ի պաշտոնե այն ամենի մասին, ինչը, որ կատարվում է դատական համակարգում, բայց չի արձագանքել», - նշեց Կարապետյանցը։

Իրավապաշտպանին նաև տարօրինակ է թվում, թե ինչու են միայն վեթինգի ենթարկվելու դատավորները։ Ասում է՝ այն նույն համակարգից են նաև քննիչները, դատախազները, նրանց վեթինգով ո՞վ է զբաղվելու։ Այս օրենքի նախագծով առաջարկվում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներին հնարավորություն է տրվում անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալն օգտվել հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակից։ Իրավապաշտպանն այս առաջարկն էլ է անընդունելի համարում։

«Սահմանադրական դատարանի դատավորները, ովքեր տարիներ շարունակ ընտրությունների կեղծիքները հաստատել են իրենց որոշումներով ու ստորագրություններով, ինձ համար այդ դատավորները հանցագործներ են, և իրենց հանրությունը հարկերի հաշվին չպիտի պահի։ Ես կարծում եմ, որ նրանց վերաբերյալ պիտի լինեն քրեական գերծեր, որովհետև իրենք Հայաստանի Հանարապետության դեմ են գնացել, իրանք ժողովրդավարությանը դեմ են գնացել, իրենք Հայաստանի զարգացմանը դեմ են գնացել, էդ մարդկանց նորից պահել հանրության, հարկատուների հաշվին, ես գտնում եմ՝ ճակատագրական սխալ է», - ասաց Կարապետյանցը։

Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին ավելի վաղ կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված նամակում ակնարկել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Նա, իր որակմամբ, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքեր էր մատնանշել։ Նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ իր ընտրության օրը Ազգային ժողովի ամբիոնից՝ հայտարարել էր, թե ճգնաժամը պայմանավորված է դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստի որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG