Մատչելիության հղումներ

«Սահմանադրական դատարանը քաղաքականացված է, պետք է զերծ մնար դրանից»․ իշխանական պատգամավոր


Գործող Սահմանադրական դատարանը (ՍԴ) քաղաքականացված մարմին է, այս կարծիքին է Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ասաց՝ դրա մասին են վկայում վերջին շրջանում բարձր դատարանի որոշումներն ու հռետորաբանությունը:

«Սահմանադրական դատարանը պետք է լինի հենց այն չքաղաքականացված մարմինը, որը կոչված էր լուծել քաղաքական իշխանության շրջանակներում առաջացած վեճերը, այդ թվում՝ այս վերաբերյալ։ Ես ցավում եմ, որ քաղաքականացված է։ Որոշումները, ռետորիկան, որ առկա է, վերջին շրջանում տված հարցազրույցները և այլն, իմ կարծիքով, Սահմանադրական դատարանը պետք է այս բոլորից զերծ մնար», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Իշխող մեծամասնությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել: Նախագիծը նախապատրաստման փուլում է: «Իմ քայլից» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոստացավ երկար չսպասեցնել:

«Շատ երկար սպասել չեմ տալու ինձ թվում է, որովհետև երկուշաբաթյա ժամկետը մենք փորձելու ենք հարգենք», - նշեց Վարդանյանը։

Օրեր առաջ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործընթացի հիմքերը կապված են Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում բարձր դատարանի թույլ տված խախտումներ հետ: Դրանք էլ կասկածելի են դարձնում Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի անաչառությունը: Վարդանյանը նշել էր՝ գործընթացի հիմքերից մեկը Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերություններն են և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը չքննելը:

«Ոչ ոք իրավունք չունի սեփական գործով լինել դատավոր, մեկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պատշաճ կազմ չի քննում այս կամ այն գործը, այն որոշակի առումով վտանգում է երկրում սահմանադրական արդարադատությունը», - ասաց Վարդանյանը։

Մինչև Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել այդ դիմումի քննությանը Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամներ Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության մասին: Ըստ դատավորի, նրանք նախկինում Մարտի 1-ի դեպքերին առնչվող որոշումների ընդունմանը մասնակցել են և չեն կարող անաչառ քննել դիմումը:

«Հատուկ կարծիքների ուսումնասիրությունը առնվազն հանգեցնում է նրան, որ Սահմանադրական դատարանը շեղվել է օրենսդրական բացը լրացնելու հետ կապված նախկինում բազում գործերով արտահայտված իրավական դիրքորշումներից», - ընդգծեց Վարդանյանը։

Իշխանական պատգամավորն անդրադարձել է նաև ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի բացատրությանը։ Երեկ «Ազատության» հետ զրույցում Արևիկ Պետրոսյանը պարզաբանեց, թե Վահե Գրիգորյանի միջնորդությունը չեն քննել, քանի որ այն պատշաճ ժամկետներում չի ներկայացվել: Վլադիմիր Վարդանյանը, որը մինչև պատգամավոր դառնալը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն էր, ասաց՝ եթե անգամ ընթացակարգային խախտումով ներկայացված լիներ, միևնույն է այդ փաստը Սահմանադրական դատարանը պետք է արձանագրեր քննությամբ՝ որոշում կայացնելով:

«Սահմանադրական դատարանը որպես կոլեգիալ մարմին խոսում է իր փաստաթղթերի միջոցով, նման փաստաթուղթ ես չեմ տեսել և սա, օրինակ, խնդիրներից մեկն է», - նշեց պատգամավորը։

Թե Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագիծը ե՞րբ կներկայացվի ԱԺ քննարկման, իշխանական պատգամավորը հստակ ժամկետներ չնշեց: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում, խմբակցությունը նախ ներկայացնում է նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Այն քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։ Քվեարկությունը փակ-գաղտնի է: Առնվազն 80 կողմ քվե է հարկավոր այն ընդունելու համար, իշխող խմբակցությունը 88 պատգամավոր ունի: Եթե որոշումն ընդունվում է, Ազգային Ժողովը դիմում է ՍԴ։ Այսինքն լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն՝ առնվազն վեց դատավորի ձայնով:

XS
SM
MD
LG