Մատչելիության հղումներ

Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ՍԴ անդամ


Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում ՍԴ անդամների հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, հավելավճար մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։ «Ազատության» հետ զրույցում Գյուլումյանը հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ։ Ես չգիտեմ, թե կոնկրետ այդ նախագծի հեղինակներն ինչ նպատակ են հետապնդել, որովհետև յուրաքանչյուր օրենք կամ հոդված, որը փոփոխվում է կամ ընդունվում է ունենում է, այսպես կոչված, իր բացատրական նամակը, որտեղ բացատրվում է, թե ինչու է ծագել այդ անհրաժեշտությունը փոփոխելու», - նշեց ՍԴ անդամը։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակի աշխատավարձ, հավելավճար ստանալ։

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը որպես ճգնաժամային գնահատած Վահե Գրիգորյանն էլ, որպես իրավիճակի լուծում իր հայտնի նամակում առաջարկել էր այս տարբերակը: Օրինակ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը ամենաերկարն է, լրանալու է 2035-ին, Գյուլումյանինը՝ 2021-ին: Գյուլումյանը ենթադրեց՝ գործընկերներն էլ չեն համաձայնի անաշախատ եկամուտին՝ հեռանալու դիմաց:

«Ես ենթադրում եմ, որ իմ գործընկերները պակաս բարոյական չեն քան ես, և եթե ինչ-որ մի տեղ իմ կենսաթոշակային տարիքը ավելի մոտ է քան մյուս գործընկերներինս, եթե ես դա ավելի կարճ ժամանակով պետք է ստանամ կամ եթե իմ պարագայում կարող են ենթադրաբար ուրիշ լուծումներ գտնել, կենսաթոշակային տարիքի հասած լինել և այլն, ապա մյուսների պարագայում մարդ կա, որ 16 տարի պարտավորվում են վճարել, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահին։ Ես չգիտեմ ինչպես ենք պատկերացնում», - ասաց Գյուլումյանը։

Իշխանության ընդդիմախոսները այս դրույթը որակում են առևտուր նախկին իշխանությունների օրոք ձևավորված ՍԴ կազմի հետ: Արդարադատության նախարարությունն անարձագանք չթողեց քննադատությունները։ Պարզաբանում է ներկայացրել եվրոպական երկրների փորձը հրապարակելով, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկա, օրինակ Հունգարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Դանիայում:

Դանիայում, ըստ նախարարության, դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում, սակայն նրանց վաղ կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում սկսած 60 տարեկանից: Գյուլումյանը հակադարձեց Լեհաստանի և Հունգարիայի, իր գնահատմամբ, ձախողված օրինակով:

«Նույն Լեհաստանի պարագայում Եվրոպական միության դատարանը գտավ, որ Լեհաստանի իշխանությունները սխալ են վարվել և պարտավորեցրեց և՛ վերականգնել այդ մարդկանց աշխատանքի, և՛ վճարել հատուցումը։ Ընդամենը սխալ են վարվել երկու տարով կենսաթոշակային տարիքը իջեցնելով։ Նմանօրինակ որոշում կա հիմա, ուղղակի հստակ չեմ կարող ասել, որը նաև Հունգարիայի պարագայում։ Հունգարիայի պարագայում իրենց Գերագույն դատարանի նախագահը, որը իմ գործընկերն էր, նմանապես նշանից ազատվելու համար գնացին ինչ-որ բաների, օրենսդրական նոր լուծումների և այստեղ նույնպես սխալ գտնվեց», - ընդգծեց ՍԴ անդամը։

Գյուլումյանը շարունակեց պնդել, որ չի ընդունում Վահե Գրիգորյանի հիմնավորումները, թե ՍԴ անդամները դատավորի լիազորություն չունեն և իրավասու չեն որոշումներ ընդունել: Ասաց՝ բնականոն հունով աշխատում են, ճգնաժամ՝ չի տեսնում: Ինչ վերաբերում է քննարկման թեժ թեմա դարձած օրենսդրական նախաձեռնությանը, ապա այն օգոստոսի 8-ից հանրային քվեարկության է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քվեարկության վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է: Այս պահի դրությամբ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը դեմ է նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG