Բրիտանիայի Գերագույն դատարանը քննարկում է խորհրդարանի սառեցման օրինականությունը

«Բրեքզիթի» կողմնակիցները և աջակիցները Բրիտանիայի խորհրդարանի մոտ: Լոնդոն, 9-ը սեպտեմբերի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօրվանից քննարկում է բողոքները խորհրդարանի աշխատանքը սառեցնելու Բորիս Ջոնսոնի կայացրած որոշման դեմ:

Վարչապետը, թագուհու ֆորմալ հավանությամբ, ավելի քան մեկ ամսով սառեցրել է օրենսդիրների աշխատանքը: Դա թույլ կտա Ջոնսոնին առանց գլխացավանքի՝ պայմանագրով կամ առանց պայմանագրի, հոկտեմբերի 31-ին դուրս հանել թագավորությունը Եվրամիությունից:

Խորհրդարանը պահանջել է կա՛մ ապահովել համապատասխան փաստաթղթով «Բրեքզիթ», կա՛մ Եվրամիության հետ բանակցել ապահարզանը ևս երեք ամսով հետաձգելու շուրջ, հեռանկար, որի մասին Ջոնսոնն ասել է, թե «կնախընտրի հայտնվել ջրափոսում, քան «Բրեքզիթի» հետաձգում մուրալ Բրյուսելից»:

Շոտլանդիայի Վերաքննիչ դատարանը բողոքարկել է Ջոնսոնի որոշումը և պահանջում է պարզել, թե արդյոք վարչապետը գործել է օրենքի սահմաններում, երբ թագուհի Էղիսաբեթ Երկրորդին առաջարկել է հայտարարել խորհրդարանի մեկամսյա արձակուրդ:

Շոտլանդական դատարանի փոխանցմամբ, վարչապետը փորձել է կասեցնել «Բրեքզիթի» հարցում կառավարությունը հսկողության տակ պահելու խորհրդարանի օրինական գործառույթը և «Բրեքզիթն» իրականացնել՝ շրջանցելով օրենսդիրին:

Ըստ շոտլանդական դատարանի, խորհրդարանի սառեցումն «ապօրինի է, հետևաբար իրավական ուժ չունի»:

Բրիտանիայի կառավարությունն էլ, իր հերթին, բողոք է հայտնել շոտլանդական դատարանի այդ վճռի դեմ:

Բացի այդ, առանձին հայց է ներկայացրել գործարար և երդվյալ «հակաբրեքզիթական» ակտիվիստ Ջինա Միլները, որի նախորդ հայցերը խորհրդարանը սառեցնելու որոշման հարցով դատարանը մերժել է՝ հայտնելով, թե դա բացառապես քաղաքական հարց է, որը չի գտնվում դատարանների իրավասության շրջանակներում:

Բրիտանիայի Գերագույն դատարանն այդ գործերը միավորել է մեկ վարույթում: Այսօր Գերագույն դատարանի 11 դատավորները լսում են հայցվորներին, իսկ վաղը կլսեն պատասխանողներին:

Գերագույն դատարան նախագահ լեդի Բրենդա Մարջորի Հելը ներկայացրել է օրակարգը․ - «Մենք ունենք երկու հայց, որոնք առնչվում են այն հարցին, թե արդյոք վարչապետը կարող էր Նորին Գերազանցությանն առաջարկել սառեցնել խորհրդարանը»:

Ջինա Միլների փաստաբան լորդ Դեյվիդ Փաննիքն ընդգծել է այն հանգամանքը, որը վարչապետին դրդել է ապօրինի գործողության:

«Խորհրդարանի սառեցման ժամկետն է կարևոր, այն վկայում է, որ վարչապետը ցանկանում է լռեցնել օրենսդիրներին հենց նշված ժամանակաշրջանում՝ ենթադրելով, որ օրենսդիրները կխոչընդոտեն նրա քաղաքական նպատակների իրականացումը», - ասել է փաստաբանը:

Ենթադրվում է, որ դատարանը, ամենայն հավանականությամբ, աջակցություն չի հայտնի շոտլանդական դատարանի որոշմանը:

Այստեղ առանքային հարցն այն է, թե արդյոք դատական ատյանները կարող են վերանայել վարչապետի կողմից թագուհուն ներկայացված առաջարկությունները:

Եթե այնուամենայնիվ Գերագույն դատարանը սահմանի, որ վարչապետը սխալ է գործել, Բրիտանիայում քաղաքական ճգնաժամը կհասնի գագաթնակետին, կդառնա բառիս բուն իմաստով աննախադեպ, քանի որ դրանում այլևս ներքաշված կլինի միապետ Էղիսաբեթ Երկրորդը:

Ենթադրվում է, որ դատարանը վճիռ կկայացնի այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: