Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանի աշխատանքը սառեցվեց հինգ շաբաթով


Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի աշխատանքը սառեցված է հինգ շաբաթով` մինչև հոկտեմբերի 14-ը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի այս նախաձեռնությունը, որ արժանացել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հավանությանը, ուժի մեջ մտավ անցած գիշեր:

Բրիտանական ընդդիմության համոզմամբ, Ջոնսոնի կառավարությունն այս քայլին է դիմում, որպեսզի զրկի խորհրդարանականներին «Բրեքզիթի» շուրջ Եվրամիության հետ բանակցությունների վրա ազդելու բոլոր լծակներից:

Խորհրդարանի աշխատանքի վերջին օրերին ընդդիմությունն արեց հնարավորը Ջոնսոնի դիրքերը թուլացնելու համար:

Նախորդ շաբաթ, մասնավորաբար, խորհրդարանականները մի օրենք ընդունեցին, որն արգելում է կառավարությանը Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու: Ըստ այդ օրինագծի, եթե մինչև հոկտեմբերի 31-ը Բրյուսելն ու Լոնդոնը չկարողանան համաձայնության գալ, «Բրեքզիթի» վերջնաժամկետը պետք է երկարաձվի ևս մեկ անգամ` մինչև հունվար:

Բորիս Ջոնսոնը սակայն, սառեցումից առաջ հրավիրված խորհրդարանի վերջին նիստի ընթացքում, որը շարունակվեց մինչև ուշ գիշեր, պնդում էր, որ չնայած առկա դիմադրությանը, միևնույն է շարժվելու է արդեն իսկ նախանշված պլանով․ - «Այս կառավարությունը շարունակելու է բանակցությունները համաձայնագրի շուրջ՝ դրան զուգահեռ պատրաստվելով նաև առանց համաձայնագրի Եվրամիությունը լքելու տարբերակին: Եվ կարևոր չէ, թե քանի նոր լծակ կհորինի այս խորհրդարանը ինձ գործողությունների ազատությունից զրկելու նպատակով: Միևնույն է ես ձգտելու եմ այնպիսի համաձայնություն ձեռք բերել, որը կբխի մեր ազգային շահերից»:

Սակայն, պահպանողականների կառավարության դիրքերը խորհրդարանում գնալով թուլանում են: Դրա ևս մեկ վկայությունը դարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության առաջարկի շուրջ երեկ ուշ երեկոյան կայացած քվեարկությունը: Ընդդիմադիր լեյբորիստները և Ջոնսոնի գործողություններից դժգոհ մի խումբ պահպանողականներ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ տապալեցին Ջոնսոնի կառավարության այս նախաձեռնությունը:

Համայնքների պալատում և բրիտանական քաղաքական դաշտի մի զգալի հատվածում տիրող տրամադրությունները թերևս առավել ամփոփ կերպով արտահայտեց լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը․ - «Այս կառավարությունը խայտառակ կառավարություն է, և թե ինչպես է գործում վարչապետը, ևս խայտառակություն է»:

Այսօր լույս տեսած բրիտանական թերթերը ստեղծված կացությունը ևս բավական դրամատիկ երանգներով են ներկայացնում: «Նոր քաղաքացիական պատերազմ», «Հեղաշրջում» վերնագրերի կողքին աչքի է ընկնում Guardian-ի առաջնորդողը, որը վարչապետի և խորհրդարանի հարաբերությունները ամփոփում է մեկ նախադասությամբ` «վեց քվեարկություն, վեց պարտություն»:

Բրիտանացի լրագրողները, ի դեպ, հաշվել են, որ Բորիս Ջոնսոնը մեկ շաբաթում խորհրդարանում ավելի շատ պարտություն է կրել, քան նախկին վարչապետ Թոնի Բլերը պաշտոնավարման տասը տարիներին:

Շարքային լոնդոնցիների շրջանում երկրում առկա քաղաքական ճգնաժամի վերաբերյալ տեսակետները բավական տարբեր են:

«Ես ուրախ եմ, որ խորհրդարանը կարողացավ այնպես անել, որ Բորիսը չփորձի առանց համաձայնագրի լքել Եվրամիությունը: Դա կատարյալ աղետ կլիներ, և լավ է, որ խորհրդարանը այս հարցում վերահսկողություն է սահմանել», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լոնդոնի բնակիչներից մեկը:

Բրիտանական մայրաքաղաքի մեկ այլ բնակչի համոզմամբ սակայն, Միացյալ Թագավորությունը օր առաջ պետք է լքի Եվրոպական միությունը․ - «Բրեքզիթ» առանց համաձայնագրի: Դա թույլ կտա մեզ նոր մեկնարկ ապահովել, սեփական կանոնները հաստատել երկրում և ի վերջո կրկին հզոր պետություն դառնալ»:

XS
SM
MD
LG