Վաղը նախարարությունը պետք է վերջնական եզրակացություն տա՝ հանքի շահագործման նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞ ոչ:
Կառավարությունում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհրդատուն է օրենքով, սակայն հանքի շահագործման գնահատական նրանցից ոչ ոք նախկինում չի պահանջել․ - «Ակադեմիայի ինստիտուտները պարտավոր էին տալ գնահատականներ նախագծի վերաբերյալ»:
Նախարարության հարցումը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն կմնա առանց բովանդակային պատասխանի: Կենտրոնից ասացին, որ տնօրեն Արմեն Սաղաթելյանը վատառողջ է, հարցը չեն քննարկել:
Պրոֆեսոր Սաղաթելյանը ավելի վաղ իր բազմաթիվ ելույթներում դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը, շեշտել է, որ ջրերի աղտոտումն անխուսափելի է․ - «Եթե մենք սկսում ենք աղտոտել այս ջրերը, մենք իրանց արդեն Սևան տեղափոխել չենք կարող: Եթե տեղափոխենք, կունենանք արդեն ռեգիոնալ մի աղետ: Մենք զգուշացնում ենք այս երևույթի մասին, որ նախագծում, ՇՄԱԳ-ում ոչ մի խոսք չկա այդ վտանգների մասին»:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը այն բացառիկներից է, որի կարծիքը «Լիդիան»-ը (ավելի վաղ «Գեոթիմ»-ը) հարցրել է ու նախագիծն ըստ այդմ փոփոխել:
Ինստիտոտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն ասում է, որ կենսաբազմազանության առումով իրենք խնդիր չեն տեսնում, հանքը շահագործողները անգամ սողուններին են տեղափոխում․ - «Յուրաքանչյուր հանք, ինչքան էլ իդեալական աշխատի, բնականաբար, վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Հատկապես եթե խոսքը գնում է բաց եղանակով շահագործման մասին: Բայց եթե արդեն այդ աշխատանքները սկսված են, և եթե, ինչպես ասում են՝ ոսկին երբեք գետնի տակ չի մնում, ես գտնում եմ, որ «Լիդիան»-ը բավականին բարեխիղճ է աշխատում»:
Կենսաբանական գիտությունների թեկնածուն ասում է, թե չկա ոսկու հանք, որի տեղն իմանան ու չշահագործեն: «Լիդիան»-ը համարում է չարյաց փոքրագույնը, քանի որ տեսել է, թե ինչպես է Շնող գետը վերածվել հանքանյութ տեղափոխող գետի, իսկ Դեբեդի Ախթալա վտակը՝ «մեռնում է»:
Ղուկասյանն ամփոփում է, որ հանքի շահագործումը՝ առանց աղտոտման, հեքիաթ է․ - «Հատկապես ստորգետնյա ջրերի հետ կապված աղտոտման խնդիրներ կարող են լինել, սեյսմիկ վտանգների հետ կապված աղտոտում կարող է լինել: Մենք սպասում ենք, որ նաև գետերը կարող են աղտոտվել: Ինչպե՞ս կարող է պայթեցում լինի, ինչպե՞ս կարող է հանքի շահագործում լինել, և օդային ավազան հանքափոշի չանցնի»:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտում չեն բացահայտում, թե ինչ տեսակետ են ձևակերպել ու ուղարկել նախարարություն: Ավելի վաղ այս ինստիտուտի գիտնականներից երկուսը՝ փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն ու լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը հանքի շահագործումն ընդունելի էին համարել, ռիսկերը՝ կառավարելի:
Լիլիթ Սահակյան․ - «Ավելի շատ քաղաքական խնդիր է Ամուլսարի հարցը։ Եթե պետությունը կարիք ունի տնտեսական հզորացման, եթե դա նպաստելու է հանրապետության տնտեսության զարգացմանը, միանշանակ պետք է հանքավայրը շահագործվի»:
Ղազար Գալոյան․ - «Ես պիտի փաստեմ, որ իրենք արել են կոնկրետ հետազոտությունների հիման վրա: Ոչ մի սարքած բանի կան նկարչության ես չեմ հավատում: Իրենք իրոք աշխատել էին»:
Գյումրու Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը տեղեկացրեց, որ նամակ նախարարությունից ստացել են, սակայն «Լիդիան»-ի փորձաքննության ու ՇՄԱԳ-ի միջև հակասությունները պարզել չեն կարող, քանի որ չեն կարող հինգ օրում ուսումնասիրել հազարավոր փաստաթղթեր․ - «Դա ռեալ չի»:
Երկրաբանական գիտությունների թեկնածուն նաև տարակուսեց, թե ինչու են հիմա հիշել իրենց: Հայաստանյան գիտական պոտենցիալը, նրա խոսքով, կարող էր կիրառվել ուսումնասիրությունների նախնական փուլում:
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը նույնպես միասնական գիտական դիրքորոշում չի հայտնում: Տնօրեն Սեյրան Մինասյանի փոխանցմամբ, իրենց եզրակացությունն այն է, որ առանց ուսումնասիրության, ոչինչ եզրակացնել չեն կարող, այն էլ՝ մի քանի օրում:
Ինստիտուտից անկախ՝ ինքն անձամբ դեմ է. - «Մենք որպես անաղարտ վիճակի Արփա և Որոտան գետեր, կկորցնենք այդ գետերը, թունելն էլ կփլվի»:
Ակադեմիական հաստատություններից միակը, որ ողջ կազմով ու միասնական դեմ դիրքորոշում ունի, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտն է: Փոխտնօրեն քիմիական գիտությունների դոկտոր Նշան Զուլումյանը շեշտում է՝ հանքը բացվեց, պրոցեսը քիմիական է, այնինչ բազմաթիվ ուսումնասիրություններ չկան․ - «Քիմիական մասը ՇՄԱԳ-ում չի ներկայացված: Քիմիական մասից պիտի բխի, թե ինչ նյութեր են առաջանում, ինչ կողմնակի նյութեր են առաջանում, այդ նյութերը որտեղ են պարտակվելու»:
Շրջակա միջավայրի նախարարությունից այսօր որևէ մեկնաբանություն չտվեցին: