Մատչելիության հղումներ

Ամուլսարի գործով քննիչն ու Բնապահպանության նախկին նախարարը ազգականներ են


Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են:

Հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Այս տեղեկություններն այսօր ներկայացրել է Infocom.am-ը: Ըստ այդմ՝ նրանք երկուսն էլ ծնունդով Արարատի մարզի Ավշար գյուղից են, հորեղբոր որդիներ են, երկուսն էլ Իվան Գրիգորյանի թոռներն են։

Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի քույրը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:

Նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը չհերքեց և հավելեց, որ ինքը հաստատել է փորձաքննության լրացումները, իսկ բուն ՇՄԱԳ-ը 2014-ին է հաստատվել․ - «Այո, ազգականներն ենք, ի՞նչ է եղել: Հեռու ազգականներն ենք: Փորձաքննությունը հաստատվել է դեռևս 14 թվականին: 16 թվականին, նոր հանգամանքներից ելնելով, որոշակի առանձնահատկություններից ելնելով, ևս մեկ ՇՄԱԳ են անցկացրել»:

Ամուլսարի գործի քննության օբյեկտիվության վրա արդյո՞ք ազգակցական կապը ազդեցություն չի ունեցել, հատկապես որ գործը հարուցվել է հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննչական խմբի ղեկավարը պետք է քններ նաև ազգականի գործողությունները: Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը նախ հաստատեց, որ նրանք ազգականներ են, բայց, ըստ կոմիտեի, գործի քննության օբյեկտիվությունը կասկածի տակ պետք չէ դնել․ - «Քրեական գործի ելքը որոշվելու է փորձագետի տված եզրակացության հիման վրա: Այստեղ շահերի բախում չի կարող լինել, որովհետև «Էլարդ»-ի փորձագետները ըստ էության որևէ ազգակցական կապ չունեն Արամայիս Գրիգորյանի հետ»:

Կոմիտեից շեշտում են, որ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

Այս շաբաթ հենց Յուրա Իվանյանն էր ասուլիս հրավիրել ու հայտարարել, թե հանքի շահագործման ռիկերը կառավարելի են:

«Ազատության» դիտարկմանը, թե «Էլարդ»-ի զեկույցում բազմաթիվ թերություններ են նշված հանքի շահագործման շրջակա միջավայրի ազդեցության գնահատումների վերաբերյալ, որը Բնապահպանության նախարարության դրական եզրակացություն էր ստացել, և հարցին, թե արդյոք քննել են պաշտոնատար անձանց մասնակցության հարցը, Իվանյանն արձագանքել էր․ - «Եզրակացությունների տրամադրման գործում որևէ օրենքի խախտում կամ որևէ իրավական նորմի խախտում չի արձանագրվել»:

Էկոլոգիակաան իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը ի սկզբանե էր կասկածի տակ դրել քննության անաչառությունը: Այսօր, երբ պարզ դարձավ, որ քննիչն ու նախկին նախարարը հարազատներ են, տարակուսած է․ - «Իհարկե կա շահերի բախում, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն, քննիչը չի կարող ներգրավված լինել քննչական վարույթին, եթե ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ունի»:

Վարդանյանը վստահ է, որ օբյեկտիվ քննության մասին խոսք չի կարող լինել․ ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է․ - «Ինքը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել և իրավունք չուներ այդ գործը քննելու»:

XS
SM
MD
LG