«Սանիթեքը» խոստանում է Երևանում աղբահանությունը կարգավորել մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը

«Սանիթեքն» ընդունում է, որ մեղավոր է վերջին երեք ամիսներին Երևանում տիրող հակասանիտարական իրավիճակի համար։

Ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն ասում է․ - «Այո, չենք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, բայց պատասխանատվությունից չենք փախչում»։

Ընկերությունը խոստանում է խնդիրը հարյուր տոկոսով կլուծվի հավանաբար մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը․ - «Անցած ամիս «Սանիթեքը» ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է արել 5 նոր աղբատար մեքենա գնելու համար, որոնք Երևանի ճանապարհին են արդեն և մոտական երկու օրերն այստեղ կլինեն»։

Նիկոլաս Թավիլին հիշեցրինք, որ նույնն ինքն ասել էր դեռ հուլիսին, երբ աղբահանության խնդիրը նոր էր սրվել Երևանում։ Այդ դեպքում ինչո՞ւ հուլիսը դարձավ օգոստոս, օգոստոսը՝ սեպտեմբեր, ու արդեն երեք ամիս մայրաքաղաքից աղբի հոտ է գալիս։

Թավիլն արձագանքեց․ - «Աղբատարներ գնելը նման չէ սովորական մեքենա գնելու և դրա տեղափոխումը ևս պրոցես է։ Մենք հուլիսին պատվիրել ենք դրանք, Մեքենաները գալիս են Նիդեռլանդներից, որի համար ժամանակ է պետք։ Բայց այդ ընթացքում մենք շատ մեքենաներ ենք նորոգել և մեր գրաֆիկն արդեն կանոնակարգվում է»։

Լիբանանյան ընկերության տնօրենը շտապում է հայտարարել, որ լուրերը, թե «Սանիթեքի» վատ աշխատանքը կապված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, իրականություն չեն։ Նա վստահեցրեց, թե սաբոտաժ չկա՝ հավելելով, որ 2014-ին պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի», ոչ թե անձերի միջև․ - ««Սանիթեքը» այս երկրում ներդրել է ավելի քան 14 միլիարդ դրամ և երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով։ Միգուցե զուգատիպություն կա, բայց խնդիրները սկսվել են փոքր հարցերից, ապա՝ մեծացել։ Ոչ մի կապ չկա պարոն Մարգրայանի հրաժարականի և «Սանիթեքի» միջև»:

Ամռան վերջին երկու ամիսներին աշխատանքներում թերանալու և պայմանագրային կետերը խախտելու համար Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» տուգանեց ավելի քան 25 միլիոն դրամով։ Թեև ընկերությունը նման թերացումներ ունեցել էր նաև 2017-ին, սակայն չորս տարվա աշխատանքի մեջ սա առաջին դեպքն է, երբ տեղական ինքնակառավարման մարմինը կոշտ միջոցներ կիրառեց։

Նիկոլաս Թավիլն այսօր չհստակեցրեց արդյոք այդ տուգանքների հետ համաձայն են, բայց խնդրանքով դիմեց Երևանի քաղաքապետարանին․ - «Մենք խնդրում ենք քաղաքապետարանին այս գումարով գնել աղբամաններ և տեղադրել դրանք քաղաքում և փոխհատուցել այն վնասները, որոնք «Սանիթեքը» կրել է այս ընթացքում»։

Իսկ վնասները վերջին չորս տարիներին, «Սանիթեքի» պնդմամբ, շատ են։ Այսօրվա մամլո ասուլիսին Նիկոլաս Թավիլը պատրաստված էր եկել՝ թվերով ու փաստերով:

Նուրաբարշենի աղբանոցում մեքենաները վնասվում են, իսկ ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում դրա համար։ Նիկոլաս Թավիլը պնդում է, թե դեռ չորս տարի առաջ քաղաքապետարում իրենց խոստացել էին, որ Նուբարաշենի աղբավայրը կարճ ժամկետում բերվելու է պատշաճ վիճակի։ Սակայն դա տեղի չունեցավ։

Բացի դրանից, 2014-ից մինչև այսօր 1000-ից ավելի աղբամաններ այրվել են, իսկ 2000-ը՝ վնասվել։

Արդյունքում, ըստ Թավիլի, ընկերությունը 700 հազար դոլարի վնաս է կրել․ - «Եթե նույնիսկ մենք 700 նոր մեքենա բերենք, և աղբավայրը լինի նույն վիճակում, և մեր աղբամանները վառվեն ու վնասվեն, լինի դա «Սանիթեքը» թե ուրիշ կազմակերպություն, նույն խնդիրների է բախվելու, ինչ որ մենք»։

Նիկոլաս Թավիլը ցույց տվեց նաև լուսանկարներ, որոնք արվել էին երևանյան փողոցներում։ «Փոքր աղբամանները բնակիչներն օգտագործում են կենցաղային աղբը թափելու համար», - ասաց նա ու հավելեց․ - «Սա անընդունելի է»։

«Սանիթեքի» գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք, թե երբ են արվել այդ լուսանկարները․ նման իրավիճակ Երևանում եղել է միայն վերջին ամիսներին, դա էլ իրենց թերացումների հետևանքն էր։ Սակայն Թավիլան այդպես էլ հստակ պատասխան չտվեց մեր հարցին։

Ինչ վերաբերում է ընկերության ապագային ու խոսակցություններին, թե հնարավոր է, որ նաև երկրորդ օպերատոր աշխատի, ապա նա ասում է․ - «Հենց նոր քաղաքապետ ընտրվի, մենք կնստենք սեղանի շուրջ և կքննարկենք պայմանագրի բոլոր կետերը, բոլոր հարցերը, բոլոր ապագա ծրագրերը»։

«Սանիթեքը», Թավիլի փոխանցմամբ, ցանկություն ունի ևս 7 միլիոն եվրոյի ներդրումներ անել՝ փոխելով համակարգն ամբողջությամբ, ձեռք բերելով նոր ավտոպարկ։

Ընկերության տնօրենը, սակայն, հավելեց՝ կյանքի կկոչվեն այս ծրագրերը թե ոչ, պարզ կդառնա նոր քաղաքապետի ընտրությունից հետո։