Մատչելիության հղումներ

Աղբահանության խնդիրը մայրաքաղաքում մնում է չլուծված


Երևանի բնակիչները շարունակում են դժգոհել դեռևս այս ամսվա սկզբում աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար 12 միլիոն դրամով տուգանված «Սանիթեքից»։

Այսօր հատկապես մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում կեսօրից հետո դեռ աղբամանները լիքն էին, ու գարշահոտություն էր տարածվում։ Վերին Շենգավիթի բնակիչները ցույց էին տալիս խաղահրապարակի և բնակելի շենքերի հարևանությամբ տեղադրված աղբարկղերն ու պնդում, թե առնվազն մեկ շաբաթ դրանք չեն դատարկվել։

Մեր նկարահանման պահին ժամանեց «Սանիթեք» ընկերության մեքենան՝ դատարկելու աղբարկղերը։ Վարորդ Զաքարը ընդունեց, որ ուշացել են. աղբատար մեքենաներն, ըստ նրա, շարքից դուրս են եկել։ Իրենց մեքենան էլ ընդամենը մեկ ժամ առաջ էին գործի գցել․ - «Տեխնիկայի հետ կապված խնդիրներ են: Լուծվում են օր-օրի»:

Միևնույն ժամանակ վարորդ Զաքարը հակադարձեց բնակիչներին, թե թաղամասից աղբը երեկ են տեղափոխել՝ արժանանալով մի մանրավաճառ կնոջ կշտամբանքին․ - «Լսի, տղա ջան, ես էստեղ առևտուր եմ անում: Ուղիղ մի ամիս սրան ձեռ տված չի»:

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի տեսուչ Ալլա Նադիրյանը միացավ բնակիչների դժգոհությանը․ - «Երեկվանից տեղահանված չի եղել: Եթե մաքրված լիներ, ինձ թվում է, էսքան հակահիգիենիկ իրավիճակ չէր լինի»:

Երեկ ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս խնդրին, նշելով, որ Երևանի աղբահանության ոլորտում «անընդունելի իրավիճակ» է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի «ոչ հեռատես քաղաքականության» հետևանքով։

«Դուք գիտեք, որ աղբահանման համակարգը, ըստ էության, վստահվել է «Սանիթեք» ընկերությանը, որն այսօր, այո, ակնհայտորեն ձախողում է այդ գործընթացը։ Բայց մենք ունենք փաստ, որ, ըստ էության, քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել, և վերջին տարիներին այդ համակարգի կառավարումը պատշաճ չի իրականացվել, ու այսօր մենք ունենք այդ պրոբլեմը», - ասել էր նա:

Վարչապետը ծառայությունը էականորեն բարելավելու տարբերակներից մեկը համարում է մենաշնորհի վերացումը, երբ մայրաքաղաքի աղբահանությունը կիրականացնեն մեկից ավելի ընկերություններ։ Բայց, ըստ Փաշինյանի, ոլորտի խնդիրները այսքանով չեն լուծվի․ - «Բայց էստեղ գլոբալ, ավելի մեծ խնդիր կա․․․ Մենք աղբը մի տեղից տեղափոխում ենք մեկ այլ տեղ: Իսկ ի՞նչ ա լինում էդ աղբի հետ: Մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը իսկապես աղբի վերամշակման համակարգ ունենալն է, աղբի վերամշակման գործարան ունենալն է»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այս գործով․ - «Մենք հույս ունենք, որ վստահելի գործընկեր կգտնենք, ով կկազմակերպի ոչ միայն մայրաքաղաքի, այլև գուցե ամբողջ հանրապետության աղբահանությունը, որի շղթայի մեջ պարտադիր օղակ կլինի նաև աղբի վերամշակումը»։

Դեռ մեկ ամիս առաջ «Սանիտեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը լրագրողներին ասել էր, որ խնդիրները տեխնիկական են, պատրաստվում են թարմացնել աղբատար մեքենաների և աղբարկղերի թիվը:

«Սանիտեքի» ղեկավարն ընդունել էր, որ սխալներ թույլ են տվել․ - «Որոշ սխալներ արտաքին գործոններով են պայմանավորված, մենք շարունակում ենք դրանց լուծուներ տալ»։

Քանի դեռ «Սանիտեքի» նախատեսած 5 նոր աղբատարները դեռ Հայաստան չեն հասել, աղբահանության խնդիրը Երևանում դեռևս մնում է չլուծված։

XS
SM
MD
LG