Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ աղբահանության ծառայությունը ոչ-պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է, այս անգամ՝ մոտ 13 միլիոն դրամով:
«Սանիթեք»-ի հետ պայմանագրի շրջանակում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից օգոստոսին իրականացված հսկողության արդյունքում ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար, ասված է հաղորդագրությունում: Այդուհանդերձ, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12 միլիոն 967 հազար 739 դրամի չափով:
«Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ, առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաև օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը և վնասմանը և այլն: Անկախ վերը նշված խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու հանգամանքից, գիտակցելով նման ծառայությունների օրական անխափան մատուցման կարևորությունը, Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու «Սանիթեք» ընկերությանը՝ ծառայությունների ընթացքը բնականոն հուն վերադարձնելու համար, բանակցում է «Սանիթեք» ընկերության հետ վնասված մեքենամեխանիզմների և աղբամանների փոխարինման նպատակով լրացուցիչ ներդրումներ անելու վերաբերյալ, իսկ իրավիճակը հնարավորին սեղմ ժամկետում չշտկելու դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցները, որը, սակայն, կպահանջի որոշակի ժամանակ և ընթացակարգ` ծառայությունների առանձնահատկություններով պայմանավորված աղբահանության անընդհատությունն ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսին «Սանիթեք» ընկերությունը տուգանվել էր 12 միլիոն դրամով։ Տուգանքից հետո էլ, սակայն, ոչինչ չփոխվեց՝ քաղաքի աղբամանները լիքն են, գարշահոտություն է տարածվում։