Մատչելիության հղումներ

Տոպրակով աղբ «Սանիթեք»-ին. բողոքի ակցիա ընդդեմ ընկերության


Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության շենքի մոտ։

Ըստ ցուցարարների, կազմակերպությունը, որն իր վրա է վերցրել քաղաքի աղբահանությունն իրականացնելու պատասխանատվությունը, ամբողջությամբ անգործության է մատնված։

Ցուցարարներից Արուսիկ Մկրտչյանն իր տան աղբը տեղափոխեց ընկերության գրասենյակ։

«Միևնույն է աղբը չեն հեռացնում, ես էլ որոշեցի ինքս բերել», - ասաց Մկրտչյանը՝ շարունակելով. - «Կենտրոն համայնքում եմ բնակվում։ Դա ուղղակի համաճարակի բռնկման պատճառ կարող է հանդիսանալ։ Երեկ Աբովյան փողոցի ամենաբանուկ հատվածով եմ անցել, էդ գարշահոտությունից, ճանճերից ու սանիտարական վիճակից մարդ ուղղակի զզվում է, չգիտի ինչ անի։ Նույն խայտառակ վիճակն ամենուր է»։ «Երևանը մեր տունն է, և եթե աղբը թողնում են քաղաքում, դա նույնն է՝ բերել, թողնել տանը։ Այսօր ակցիայի մասնակիցներն օրվա ընթացքում իրենց աղբը պարբերաբար կբերեն և կդնեն գրասենյակում», - լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Նա առաջարկեց, որ մինչև նոր մրցույթի հայտարարումը «Սանիթեք»-ը մոբիլիզացնի իր ուժերը և շտկի իրավիճակը։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ տնօրենն այս պահին քաղաքում չէ, մյուս շաբաթվա մեջ մամուլի ասուլիս կհրավիրեն և բոլոր հուզող հարցերին մանրամասն կպատասխանեն, իսկ այսօր խնդրեց թույլ տալ շարունակել իրենց «բնականոն աշխատանքը»։

Նշենք, որ դեռ օգոստոսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվեց 12 միլիոն դրամով։ Տուգանքից հետո էլ ոչինչ չփոխվեց՝ քաղաքի աղբամանները լիքն են, գարշահոտություն է տարածվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG