Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա «Սանիթեքի» գրասենյակի առջև


«Տոպրակով աղբը թափել ոչ թե բակի աղբամանում, այլ բերել ու դնել հենց «Սանիթեքի» գրասենյակի առջև»․ այսպիսի կարգախոսով քաղաքացիներն այսօր բողոքի ակցիան էին կազմակերպել Երևանի աղբահանության համար պատասխանատու ընկերության մոտ։

Երեխայի օգտագործված տակդիներով աղբի տոպրակը ձեռքին Արուսիկ Մկրտչյանը Կենտրոնից Չարբախ էր հասել: Ակտիվիստն ասում է՝ դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքից։ Քաղաքում արդեն երկու ամիս հակասանիտարական իրավիճակ է տիրում՝ աղբը չի հավաքվում, ամենուր գարշահոտություն է․ - «Ես իմ տան աղբն եմ բերել, որովհետև վստահ էի, որ այն աղբը, որը պետք է տանեի մեր աղբամանի մեջ դնեի, մեկա՝ չէր տարվելու: Դրա համար ավելի լավա միանգամից գրասենյակ բերեմ»:

Մկրտչյանը նկատեց՝ երեկ Աբովյան փողոցով անցնելն ուղղակի անհնար էր, քաղաքի կենտրոնը վերածվել էր մեծ աղբանոցի։ Նույն իրավիճակն է նաև մյուս վարչական շրջաններում։

Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու ու պայմանագրային կետերը խախտելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ օգոստոսի սկզբին «Սանիթեքին» տուգանեց մոտ 12.5 միլիոն դրամով։ Սա հուլիս ամսվա աշխատանքներում թերանալու համար էր։ Սակայն տուգանքը դաս չդարձավ ընկերության համար, օգոստոսը ևս անցավ աղբի ու գարշահոտության մեջ։ Տնօրենի օգնականից այսօր հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ տուգանքը չստպեց լավ աշխատել ու շտկել ամռան կեսին թույլ տված սխալները։ - «Մենք չենք սպասում ոչ մի բանի, մենք կատարում ենք մեր պարտականությունները, մեր առօրյա աշխատանքը», - արձագանքեց Քրիստինա Հովհաննիսյանը:

Տնօրենի օգնական նաև նշեց՝ «Սանիթեքի» ղեկավար Նիկոլաս Թավիլը երկրում չէ, նա շուտով կվերադառնա և մամլո ասուլիսի միջոցով կպատասխանի լրագրողների հարցերին։

Դեռ մեկ ամիս առաջ «Սանիթեքը» իր թերացումները պատճառաբանել էր արտաքին գործոններով և նշել, որ պատրաստվում է թարմացնել աղբատար մեքենաների և աղբարկղերի թիվը:

Հասել են արդյոք 5 նոր աղբատարները Հայաստան, հարցին՝ այսօր էլ հստակ պատասխան չստացանք։

«Սանիթեքի» վատ աշխատանքից քաղաքացիների բողոքը հասել է նաև վարչապետին կից գործող վերահսկողության ծառայությանը։ Կառույցի ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր ասաց՝ արդեն հանդիպել են «Սանիթեքի» ղեկավարության հետ, քննարկել են ստեղծված իրավիճակը, անգամ մշտադիտարկում են արել։ Առաջիկայում ևս մեկ հանդիպում է լինելու, որից հետո պատկերն ամբողջական կդառնա, իսկ առայժմ Սանասարյանն ասում է. - «Տեխնիկապես խնդիր ունեն, բայց դա մեր գործը չէ, դա իրենց գործն է: Իրենք պայմանավորվածություն են ունեցել նախկին քաղաքային իշխանությունների հետ և պետք է ներկայացնեն, թե եթե նախկինում փոքրիշատե էդ խնդիրը լուծվում էր, հիմա ինչո՞ւ էդ խնդիրը չի լուծվում, ո՞րն է հիմնական պատճառը»:

Սանասարյանը նշում է՝ մենաշնորհներ չպետք է լինեն, այդ թվում Երևան քաղաքում։ Իսկ արդյոք նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կապված է ենթադրյալ կոռուպցիոն ռիսկների հետ, Սանասարյան առայժմ գնահատական չի տալիս՝ նշելով՝ «Սանիթեքի» հետ պայմանագիր կնքողը եղել է հենց Հանրապետական Մարգարյանը։

Այսօր «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից ու պարզել արդյոք կառույցը մտադի՞ր է պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ կիրառել «Սանիթեքի» նկատմամբ, ինչպես ավելի վաղ զգուշացրել էին։ Սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը քաղաքապետարանից այդպես էլ մեկնաբանություն չստացվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG