ԵՊՀ լսարաններից մեկում փակված երկու ուսանողներից Դավիթ Պետրոսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ հացադուլը շարունակվելու է այնքան մինչև հստակ առաջարկ չլինի․ - «Հանդիպումների ընթացքում մենք հասկացանք, որ զիջում չի լինելու, չնայած մեզ ասում էին կլոր սեղանի ժամանակ, որ զիջում լինելու է: Ոչ մի արդյունք չեղավ այդ հանդիպումների ընթացքում, մենք հասկացանք, որ ուղղակի պրոցեսը ձգձգվում է: Վերջին հանդիպումը եղել ա Վիգեն Սարգսյանի հետ: Դա է որոշիչ եղել, մեկ էլ՝ նախագահի հայտարարությունը հանճարեղ ուսանողների հետ կապված»:
Հիշեցնենք, նոյեմբերին Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ընթացքում մեկ շաբաթ դասադուլ և մեկուկես օր հացադուլ հայտարարած ուսանողները պահանջում էին իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:
Վարչապետի, Կրթության ու գիտության և Պաշտպանության նախարարների, ԱԺ խոսնակի և փոխխոսնակի հետ հանդիպումներից հետո ուսանողները համաձայնեցին կլոր սեղան քննարկման ձևաչափով իրենց առաջարկները ներկայացնել: Նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց առաջարկությունները լսվեցին ու անտեսվեցին:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանն այսօր ԵՊՀ էր եկել՝ սատարելու հացադուլ անող իր ընկերներին: Նա ասաց, որ իրենց այդպես էլ պատասխան չստացան, թե ինչպես է Կառավարության որոշմամբ տարկետման իրավունք տրվելու նաև բացառիկ տաղանդավոր ուսանողներին, երբ օրենքում հստակ սահմանում չկա, թե ով է համարվում բացառիկ տաղանդավոր ուսանող․ - «Օրենքը գրում են, ընդունում են, դրանից հետո նոր սկսում են հասկանալ, թե ինչպես կարելի է շտկել օրենքի բացերը․․․ Հենց սա է սխալը: Մենք դրա համար էինք բողոքում, ասում էինք՝ եկեք նստենք, հասկանանք՝ էս օրենքի բացերը ո՞րն են, օրենքի վատ կողմերը ո՞րն են»:
Ընդունված նոր օրենքի համաձայն, ուսանողները պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել ոչ թե երկու, այլ երեք տարի: Փոխարենը պետությունը կվճարի նրանց ուսման վարձը: Հակառակ դեպքում 18 տարին լրանալուց հետո բանակ կզորակոչվեն 2 տարի ժամկետով:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Հակոբյանը որոշեցին օրենքի ընդունումից ու նախագահի կողմից այն ստորագելուց 20 օր հետո միայն հացադուլ սկսել՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց․ - «Երեկ չէ առաջի օրը, կարծեմ, եկել են Լեհաստանից, Սորոսի այդ հայտնի կազմակերպության համաժողովից: Բնականաբար, երևի ինչ-որ առաջադրանքներ են ստացել: Եվ եկել են առավոտյան, մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը և հացադուլ են անում: Մենք չենք խանգարում նրանց: Գիտեք ինչ․ ժամանակավրեպ բան է․․․ Այդքան հանդիպումներ եղան, այդքան քննարկումներ եղան, այդքան բացատրություններ եղան: Բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ»:
«Սորոսն ի՞նչ կապ ունի» - հացադուլի լսարանից արձագանքեց Դավիթ Պետրոսյանը՝ պնդելով․ - «Իմ հրավերի թուղթը ռեկտորի մոտ կա, գիտի թե ուր և ինչու եմ գնացել: Եթե ինքը չգիտի, թե այնտեղ ինչ քննարկումներ են եղել, ինչո՞ւ է նման բաներ ասում: Այնտեղ հավաքվել էին ընտրությունների հետ կապված դիտորդական կազմակերպությունները, ես էլ որպես դիտորդության համակարգող պառլամենտական ընտրությունների ժամանակ, ինձ հնարավորություն տվեցին, ես գնացել եմ: Այնտեղ եղել են դասեր»:
ԵՊՀ-ում ընթացող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկմանը ներկա Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը լրագրողներից տեղեկացավ ուսանողների հացադուլի մասին: Ասաց, որ դեմ է ծայրահեղ քայլերին․ - «Չեմ գտնում, որ նման ծայրահեղ քայլերով ուսանողությունն ընդհանրապես և թեկուզ այդ երկու անձնավորությունը կարող են արդյունքի հասնել: Ուզում եմ հորդորել մեր երիտասարդներին, որ իրենք դադարեցնեն հացադուլը»:
Երբ ԵՊՀ դահլիճում շարունակվում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկումը, երբ դահլիճ մտան «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն ու «Տարկետում լինելու ա» և «ՊՆ Կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թղթեր փակցրեցին ամբիոնին, որտեղ նստած Կրթության և գիտության փոխնախարարը: Վերջինս դրանք պոկեց:
Նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը հեգնանքով պատասխանեց ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանն ու ասաց, թե Սորոսին են փող ստացել այդ ֆլեշմոբի համար․ - «Քիչ առաջ Սորոսի հիմնադրամից հատուկ հանձնարարական ստացանք ֆլեշմոբ անելու: Նրանք մեզ տրամադրեցին գումար երկու թղթի և երկու թուղթ պրինտ անելու համար, և մենք իրականացրեցինք ակցիա՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու էն բողոքը, որ մենք ունենք, որ Կրթության և գիտության նախարարությունը, ներողություն՝ գործակալությունը, փոխանակ կանգնած լինի համալսարանականների, ուսանողների և կրթության ոլորտի շահառուների կողքին, անտարբերությամբ հետևում էր էն ակցիաներին, հետագայում նաև էն քննարկումներին, որոնք մեր տղաները ծավալում էին»: